Ու՞ր եք, եկեք վիզս կտրեք, ա՛յ հաց ուրացողներ, Սասու՛ն, քեզ ենք սպասում, եկեք. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է նախօրեին խորհրդարանում տեղի ունեցեած ծեծկռտուքին հաջորդած սպառնալիքներին:
«Ու՞ր եք, եկեք վիզս կտրեք, ա՛յ հաց ուրացողներ, Սասուն, քեզ ենք սպասում եկեք»,-ասել է Մարուքյանը:
Նախքան թեմային անդրադառնալը, Մարուքյանը հայտնել է, որ Մանե Թանդիլյանի հետ այժմ գտնվում է Արցախում և հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի, ԱԺ նախագահի, խմբակցությունների ղեկավարների հետ:
Խոսելով այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հնչեցրած ելույթի մասին՝ Մարուքյանն ասել է.
«Հայաստանից մեծ պահանջարկ կա, որ արձագանքենք այսօրվա՝ խորհրդարանում տեղի ունեցած մեր մեջքի հետևում մեջքից խփող իշխանությունների հայտարարություններին։ Երեք հարց կա, որոնք պետք է արձագանքեմ, նախ՝ Ալեն Սիմոնյան, Սասուն Միքայելյան և հետո՝ տիկին Մակունց։
Ալեն Սիմոնյան և պարոն Սասուն Միքայելյան։ Երկուսն էլ շահարկում են իրենց սրբություններին, այսինքն՝ իրենց մայրերին իրենց գործած սխալների համար։ Նախ՝ Ալեն Սիմոնյանին պետք է ասեմ.
Պարոն Սիմոնյան, այն ինչ-որ Ձեզ ասել եմ, ուղղված է կոնկրետ Ձեզ՝ Ալեն Սիմոնյան անձին, որովհետև Դուք Ձեր ամբողջ քաղաքական վաստակը անբարոյականությամբ եք վաստակել, և այն, ինչ ասել եմ, Ձեզ է ուղղված, Ձեր քաղաքական անբարոյական գործունեությանը։ Պատրաստ եմ համբուրել Ձեր մոր ձեռքը, գնալ Ձեր հոր՝ Ռոբերտի գերեզմանի վրա ծաղիկներ դնել։ Ձեր հորն ու մորը մի խառնեք այս թեմայի մեջ։ Անընդհատ Դուք հայհոյում եք ինձ, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին, և ստացել եք Ձեր պատասխանը, Ձեր գործունեության գնահատականը։ Ես սրբություններ հարգող մարդ եմ, և որևէ մեկի սրբությանը որևէ պարագայում չեմ կպնում, որքան ուզում է՝ հունից հանեք»։
Պատասխանելով Սասուն Միքայելյանին՝ Մարուքյանն ասել է.
«Պարոն Միքայելյան, ամբիոնից սպառնացել եք, որ Դուք մի կառույցի ղեկավար եք, որը կարող է վրեժխնդիր լինել իմ եղբոր նկատմամբ։ Սասուն ջան, պարոն Միքայելյան ջան, իմ եղբայրը Ձեր սրբությանը, Ձեր մորը չի կպել։ Իմ եղբայրը, այո, վատ բաներ է ասել այն մարդու հասցեին, ով իմ վիզը կկտրի։ Եթե Դուք իմ վիզը կտրողն եք, ուրեմն Ձեզ է վերաբերվում, բայց եթե Դուք իմ վիզը կտրողը չեք, ինչո՞ւ եք Ձեզ վրա վերցրել։ Ես միշտ մտածել եմ, որ իմ վիզը կարող են կտրել թուրքերը՝ քնած ժամանակ, կռվի ժամանակ։ Պատրաստ եմ նույն ձև Ձեր սրբությունների և՛ աջը համբուրել, և՛ գերեզմանին ծաղիկ դնել։ Առաջ մի մղեք Ձեր սրբություններին։ Դուք ինքներդ ձեզ ձեզնով պաշտպանեք, մի սպառնացեք ԵԿՄ-ով, ազատամարտիկներով։ Այն օրը, որ դուք ինձ հարվածել եք, հազարավոր իմ հետևորդներ ինձ զանգել են, եկել եմ նաեւ Բաղրամյան 19, Դեմիրճյան փողոց, որ վրեժխնդիր լինեն։ Ես թույլ չեմ տվել, որովհետև մենք այդ մշակույթի մարդիկ չենք։ Եկել եք ամբիոն, ցանկանում եք շահարկել իմ եղբոր հայտարարությունը։ Հայաստանում կա՞ որևէ եղբայր, որը պատրաստ է հանդուրժել իր հարազատ եղբոր վիզը կտրելը։ Մարդ կա՞, որ իմ վիզը կարա կտրի, մի քանի օր անցել է, կտրող էիք, գայիք, կտրեիք»։
Հիշեցնենք, որ այսօր Սասուն Միքայելյանը, ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, ասաց. «Եթե ներողություն չխնդրեցիր, լավ բան չի սպասի քեզ»:
Մանրամասները՝ տեսանյութում: