Ադրբեջանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 75 նոր դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 2279–ի
Ադրբեջանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 75 նոր դեպք, հիվանդությունից ապաքինվել է 25 մարդ, հայտնում է minval.az կայքը՝ հղում տալով կառավարությանը կից օպերատիվ շտաբի հայտարարությանը։
Այսօրվա դրությամբ երկրում հայտնաբերվել է 2279 վարակման դեպք, որից 28–ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1576 մարդ։
Ներկայում հատուկ ռեժիմով հիվանդանոցներում բուժում է ստանում 675 մարդ։ Ծանր է գնահատվում հիվանդներից 28–ի, միջին ծանրության՝ 39–ի վիճակը, մնացածների ինքնազգացողությունը լավ է։
Ադրբեջանում համավարակի սկզբից անցկացվել է կորոնավիրուսի առկայությունը ստուգող 181 530 թեստ։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,9 միլիոն մարդ, որից 271 667-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան: