«Ռուսաստանը մեղքի զգացում չունի և չի էլ կարող ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար». Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանը մեղքի զգացում չունի և չի էլ կարող ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար: Այս մասին ՌԴ առաջնորդը հայտարարել է «Россия-1» հեռուստաընկերության «Պատերազմ հիշողության համար» ֆիլմի համար տված հարցազրույցում, գրում է vedomosti.ru կայքը:
ՌԴ նախագահի կարծիքով՝ անկարելի է արդարացնել նրանց, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը` տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը փորձելով բարդել ԽՍՀՄ-ի վրա:
«Մեզ մոտ չկա և չի կարող լինել ոչ մի մեղքի զգացում»,-հայտարարել է Պուտինը՝ հիշեցնելով, որ ԽՍՀՄ-ը հաղթանակի դիմաց տվել է իր 27 միլիոն քաղաքացիների կյանքը:
Մայիսի 8-ին Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարությանն ու ժողովուրդներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առիթով:
ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարությանն ու ժողովուրդներին` Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի առիթով: