Պետք է պատասխան տրվի՝ ընդհուպ մինչև մանդատից հրաժարում, դա պետք է լինի մեր ժողովրդի պահանջը. Անահիտ Բախշյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի տպավորությունն անաասելի տխուր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ուենցած ծեծկռտուքին:
«Անկախ նրանից, թե ով ինչպես ասաց, ինչ ասաց, եթե այդ մարդն ամբիոնի մոտ խոսում է, ուրեմն յուրաքանչյուր պատգամավոր պետք է հարգի այդ իրավունքը և որևէ մեկը, ով ուզում է լինել, հատկապես բացարձակապես մեծամասնության ներկայացուցիչը, իրավունք չունի ամբիոնի մոտ կանգնած պատգամավորին այդ բառապաշարով և այդ կերպ հունից հանելու: Սա սադրանք է, դավաճանություն է պետական այնպիսի առաջնային կառույցի նկատմամբ, ինչպիսին Ազգային ժողովն է»,-ասաց նա:
Նա հարց բարձրացրեց՝ մեր երիտասարդները և երեխաները ի՞նչ օրինակ պետք է վերցնեն այս մարդկանցից, ինչպե՞ս կարող են թույլ տալ իրենց այսպիսի վարք: «Սա այն խորհրդարանն է, որը ընդունեց քրեական ենթամշակույթի դեմ օրենքը: Այսինքն իրենք օրենքը ընդունում են բոլորի համար, բացի իրենցի՞ց: Ոչ, իրենք պետք է պատասխան տան այդ օրենքի շրջանակներում իրենց վարքի համար, ընդհուպ մինչև մանդատից հրաժարումը, դա պետք է լինի մեր ժողովրդի պահանջը»,-ասաց նա:
Անահիտ Բախշյանը նշեց, որ թեև շատ են տեսել նման երևույթներ, կարևոր է, այս խորհրդարանը ժողովրդի մեծամասնության ձայնն է ստացել և այդպիսի խայտառակ վարք դրսևորելով՝ միանգամից ասում է, որ արժանի չէ այդ մանդատին:
Նախկին պատգամավորը հատկապես մայիսի 8-ին այսպիսի վարքի դրսևորումը խայտառակություն համարեց: «Ժողովրդավար երկիրն ասելով չէ, դա գործողություն է, բառապաշար է, հարգանք է միմյանց նկատմամբ, քննադատությունն արժանապատվորեն լսելն է: Վարչապետի ներկայությունը այս ամբողջ խայտառակության մեջ ասում է մի բան, որ երբ վարչապետը մեկ տարի առաջ օգտագործում էր բառեր, նախադասություններ, որոնք բռնություն էին քարոզում, այսօր իր ասած բառերի արդյունքը, հետևանքն ինքը չպետք է կուլ տա և չպետք է հաշտվի, պետք է ասի, որ, ժողովուրդ, ես սխալ բառեր եմ օգտագործել»,-հավելեց նա: