Այս ամենը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ, որովհետև երբ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց «թուլափայը» ստանալու. Ն. Փաշինյանը՝ ծեծկռտուքի մասին
Ես դատապարտում եմ մեզ, ինձ և այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո, բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի, որովհետև ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս ու տեսել քմծիծաղը ստի, բայց իմ կամքը ամուր է քարից էլ, իմ հոգին հանձնվել չգիտի: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Այս ամենը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, կապ ունի բազմաթիվ ու բազմապիսի քրեական գործերի հետ, որովհետև երբ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց «թուլափայը» ստանալու «թուլափայ» ստացողները: Այսօր շատ կենսական հարց է լուծվում՝ բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, հոգեբանական բռնության է ենթարկվում նաև հանրությունը, որովհետև նրանք մեզ ուզում են դնել ընտրության առաջ՝ կամ մենք պետք է դառնանք «պադեզդներում» ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է վախենան «պադեզդներ» մտնելուց. թույլ չենք տա:
Այո, էդ «պադեզդներում» ձեզ ասֆալտներին կպառկեցնենք: Դուք չունեք հնարավորություն ՀՀ ժողովրդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին: Ես հարյուր անգամ ասել եմ այդ մարդկանց՝ գնացեք, նայեք հարյուրավոր ելույթներ, տեսեք՝ ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ այս ամբիոնից, ոնց է խոսել Սերժ Սարգսյանի հետ, և գնացեք տեսեք՝ ոնց են խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանություն ունեցող մեծամասնության հետ»,-հայտարարեց վարչապետը:
Նա ընդգծեց, բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և այդ միջադեպն այլևս երբեք չպետք է կրկնի: «Երկրում տեղի է ունեցել մասշտաբային փոփոխություն, բայց դրա ընթացքում այդպիսի միջադեպեր չեն եղել, և էլի միակ բռնության դրսևորման հեղինակը մեր քաղաքական թիմից եղել է Սասուն Միքայելյանը, որ պլաստիկե շիշը ուղղորդեց դեպի տխրահռչակ Լևոն Երանոսյանը»,- ասաց նա՝ նշելով, որ եթե այսօր Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Սասուն Միքայելյանին, թերևս այդ քաղաքական ժառանգությունը դրանով էլ կավարտվեր:
«Մենք այսօր պարտվեցինք, և ես դատապարտում եմ Ձեզ, հարգելի պարոն Միքայելյան, դատապարտում եմ ինձ, դատապարտում եմ մեզ, դատապարտում եմ ծառայության՝ ՀՀ ժողովրդին, Արցախի ժողովրդին և այն արժեքներին, որոնք դարձել են 2018թ. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ պատգամավորների միջև ծեծկռտուքը տեղի ունեցավ Կառավարության 2019թ. ծրագրի քննարկման ընթացքում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե՝ «ինչը կցխեք»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները: