Ինչպես Մեծ Բրիտանիան դիմեց ընդամենը մի քանի ամիս գործող բժշկական պաշտպանիչ հագուստ արտադրող թուրքական ընկերությանը և ինչպես այդ ամենն ավարտվեց ֆիասկոյով. Daily Mail-ի անդրադարձը (լուսանկար)
Բրիտանական պահեստներում պահվող անձնական պաշտպանության իրերի միլիոնավոր նմուշներ հնացել էին, իսկ կորոնավիրուսի համավարակի ֆոնին Թուրքիայից շտապ կարգով գնված հազարավոր պարագաներն անպիտան են ճանաչվել: Դա խոսում է Health Chain Coordination Limited ընկերության ձախողման մասին. հենց այս ընկերությունն է զբաղվում Անգլիայի առողջապահության ծառայությանն ու ազգային առողջապահական ծառայությանը մատակարարման հարցերով: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Չինական մատակարարների կողմից ներկրվող անձնական պաշտպանության միջոցների անբավարարության պատճառով բրիտանական կառավարությունը դիմել էր այլընտրանքային աղբյուրների` 400 000 բժշկական հանդերձ պատվիրելով թուրքական ընկերությունից, որն իր գործունեությունը սկսել է ընդամենը մի քանի ամիս առաջ:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի նախկին թեկնածու Մեհմեթ Դյուզենն առաջարկել է իր Selegna Tekstil ընկերության ծառայությունները` Մեծ Բրիտանիային բժշկական հանդերձ ուղարկելու հարցում: Ընկերությունը, որը հիմնվել է Դյուզենի քրոջ կողմից հունվարի 31-ին, զբաղվում էր շապիկների և մարզահագուստի արտադրությամբ, մինչ «բարձրորակ բժշկական հագուստի արտադրությանն անցնելը»:
Սակայն ենթադրաբար 300 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ մատակարարումը հետաձգվել էր, քանի որ թուրքական ընկերությունը չէր կարողացել մատակարարման արտոնագիր ստանալ: Դրանից հետո թուրքական կառավարության հովանավորությունը վայելող «Ուշաս» ընկերությունը 32 000 հագուստ էր ուղարկել Մեծ Բրիտանիա:
Դրանից որոշ ժամանակ անց Դյուզենի ընկերությունից եկել էր բժշկական հագուստի առաջին խմբաքանակը` 67 000 օրինակով:
Արդյունքում թուրքական ընկերությունից ստացված ընդհանուր առմամբ 400 000 հանդերձն անպիտան է ճանաչվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին անձնական պաշտպանության իրերի անբավարարության պատճառով բրիտանացի նախարարներն անցյալ ամիս հայտարարել էին մոտ ժամանակներս Թուրքիայից բեռնատար ինքնաթիռներով եկող իրերի մասին, որոնք պետք է նախատեսված լինեին Առողջապահության ազգային ծառայության համար:
Բեռի ժամանումից հետո պարզվել է, որ ուղարկված 400 000 բժշկական հանդերձները չեն համապատասխանում բրիտանական չափանիշներին: