Նյու Յորքի անտառներից մեկում Dodge Charger մեքենաների «գերեզման» է հայտնաբերվել (լուսանկարներ)
ԱՄՆ Նյու Յորք նահանգի անտառներից մեկում կեսդարյա Dodge Charger մեքենաների «գերեզման» է հայտնաբերվել: Մեքենաների՝ համացանցում հրապարակված լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ դրանք պատկանում են նախորդ դարի 1960–ական թվականներին։ Մեքենաներից շատերը ծայրահեղ վատ վիճակում են գտնվում, տարիներ շարունակ անշարժ մնալու հետևանքով դրանք հողի մեջ են խրվել-մնացել, գրում է motor.ru կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Dodge Charger մեքենան շուկայում է հայտնվել 1966 թվականին՝ 3100 դոլար մեկնարկային գնով։ Նույն տարում այս օրինակից արտադրվել է ընդհանուր 37 344 մեքենա, իսկ արդեն հաջորդ տարի մոդելը թարմացվել է։
Կայքի փոխանցմամբ՝ տարբեր ժամանակներում Dodge Charger մեքենաները մեծ հայտնիություն ու պահանջարկ են վայելել, շատ ռեժիսորներ իրենց ֆիլմերի նկարահանումների համար հենց այս մեքենաներն են ընտրել։
Հայտնի է, որ «Ֆորսաժ» ֆիլմաշարի չորրորդ և հինգերորդ մասերում նկարահանված 1968 թվականի արտադրության Dodge Charger–ը 2013 թվականին աճուրդի ժամանակ վաճառվել է 95 700 դոլարով։