Բիզնես շահերը հակադրելը չի նպաստում ներդրումներ ներգրավելուն, հանրային համերաշխության ձևավորմանը. Արկադի Խաչատրյանը՝ խոշոր բիզնեսի հետ կապված գործընթացների մասին (տեսանյութ)
Բիզնես շահերը հակադրելը, հասարակությանը տարբեր շերտի բաժանելը չի նպաստում հանրային համերաշխության ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Յուքոմ» ընկերության և «Շանգրի լա» խաղատան շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և մտահոգություններին, որ ֆորսմաժորային իրավիճակում նման գործողությունները չեն նպաստում հանրային համերաշխությանը և կարող են լրացուցիչ տնտեսական խնդիրներ առաջացնել:
«Հանրային համերաշխությունը համարում եմ կարևորագույն նախապայման տնտեսության զարգացման և ներդրումների խրախուսման համար, ներդրումների խրախուսման համար կարևորագույն պայմաններից մեկը հանդիսանում է իրավական և քաղաքական կայունությունը, և կարծում եմ՝ բիզնես շահերը հակադրելը, հասարակությանը տարբեր շերտի բաժանելը չի կարելի դիտարկել որպես քայլ նշված ուղղությամբ: Բոլոր քայլերը և ջանքերը պետք է ուղղվեն հանրային համերաշխության ապահովմանը, որը նպաստավոր ֆոն կստեղծի ներդրումներ ներգրավելու համար: Շատ մանրամասնորեն չեմ տիրապետում այս կամ այն ընկերության հետ կապված իրավական գործընթացներին, խորությամբ չեմ կարող մեկնաբանել»,-ասաց նա:
Արկադի Խաչատրյանն անդրադարձավ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման ռիսկերին, կապիտալի վերաբաշխման հնարավորությանը:
«Ընթացակարգերի հետ կապված ամենամեծ մտահոգությունը, որ մենք հայտնում ենք, կապված է նրա հետ, որ այն չկիրառվի ընտրովի և թիրախային խմբերի նկատմամբ: Մենք օրենքի քննարկման ժամանակ հնչեցնում էինք, որ այնպիսի չափորոշիչներ սահմանվեն, որոնք կբացառեն խտրական կիրառության հնարավորությունը»,-ասաց նա:
Պատգամավորի դիտարկամբ՝ խտրական կիրառումը կարող է հանգեցնել կապիտալի վերաբաշխման:
Մանրամասները՝ տեսանյութում: