Իշխանության կարանտինային քաղաքականությունը մոտենում է ավարտին, առողջապահական պատասխանատվությունն էլ դրվում է մարդկանց վրա․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
Իշխանության կարանտինային քաղաքականությունը մոտենում է ավարտին, թեպետ՝ Պարետը հայտարարեց, որ եթե տեսնեն վտանգն ահագնանում է, կդիմեն ավելի խիստ միջոցների: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը։
Ըստ նրա՝ այս պահին ունենք անմխիթար վիճակում գտնվող տնտեսություն, առողջապահական մշուշոտ հեռանկար, կուտակված խնդիրներ։
«Ի՞նչ է անում իշխանությունը՝ մեղմացնում է սահմանափակումները, մարդկանց վերադարձնում է աշխատանքի, այսինքն՝ փողի շրջանառությունն է ուզում կարգավորել և առողջապահական պատասխանատվությունը դնում մարդկանց վրա»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ համավարակի պիկին դեռ չենք հասել, իսկ մասնագետներն ասում են՝ պիկը դեռ առջևում է։
Գասպարյանի դիտարկմամբ՝ ստացվում է՝ պետությունն իրենից կախված ամեն ինչ արել է, հերթը հիմա քաղաքացունն է: «Այսինքն՝ եթե պատասխանատու վարք չցուցաբերենք, ապա բոլորս պատերազմ կհայտարարենք բոլորի դեմ: Բայց արդյո՞ք կառավարությունն իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներն օգտագործել ու սպառել է, որ մնացել է քաղաքացու հույսին: Արդյո՞ք ճիշտ է կառավարման տրամաբանության տեսանկյունից՝ ձեռքերը լվանալ ու պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա»,- նշել է նա և հավելել՝ նման մոտեցում որդեգրեց Շվեդիան․ 10 միլիոն բնակչություն ունեցող այս երկրում կա 23․000 վարակակիր ու 2770 մահ: Ինչ վերաբերում է Վրաստանին, Գասպարյանի կարծիքով, այնտեղ վարակի դեմ պայքարի ցուցանիշները բավական տպավորիչ են: