ՍԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալի հայցն ընդդեմ վարչապետի և նրա աշխատակազմի, վերադարձվել է. դատարանի գնահատմամբ՝ հայցում ներկայացվել են տարբեր իրավական պահանջներ
ՍԱՏՄ ղեկավարի՝ աշխատանքից ազատված տեղակալ Էմին Ավետիսյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ավետիսյանը պահանջում է առոչինչ ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը, նաև վարչապետի աշխատակազմին պարտավորեցնել վերականգնել իրեն զբաղեցրած պաշտոնին ու հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար փոխհատուցել: Որպես ածանցյալ պահանջ՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից զատ այդ գումարի համար տոկոսադրույք՝ մինչև դատական ակտի փաստացի կատարումը, հաշվարկելու պահանջի մասին:
Դատարանը եզրակացրել է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման` հետևյալ պատճառաբանությամբ. Դատարանի գնահատմամբ միևնույն վարչական ակտի առոչնչության և անվավերության պահանջները տարբեր հայցի առարկաներ են բովանդակում, ունեն տարբեր իրավական հետևանքներ և վարչական դատավարությամբ հատկորոշված տարբեր հայցատեսակներ են, ուստի անհրաժեշտ է հայցվորի կողմից հստակեցնել ներկայացված հայցադիմումը։ Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից մեկ հայցադիմումում միացվել է մեկ պատասխանողի դեմ ուղղված տարբեր իրավական պահանջներ, հետևաբար հայցվորը հայցադիմումում նշված պահանջները պետք է դատարան ներկայացնի առանձին հայցերի տեսքով։ Հայցը վերադարձնելուց հետո դիմողը 15 օրյա ժամկետում կարող է շտկումներ անել և ներկայացնել հայցը կամ հայցերը։