Գյումրեցիներն այն ժամանակ էլ էին գոյության կռիվ տալիս, հիմա էլ. ապրում էին թոշակով, շարունակում են նույնը անել. Վահան Թումասյան
Կորոնավիրուսը Շիրակի մարզի ծայրահեղ աղքատության վրա ֆինանսապես մեծ ազդեցություն չի թողել, քանի որ նրանք, այսպես, թե այնպես, ճգնաժամի մեջ էին. ապրում էին թոշակով, շարունակում են նույնն անել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը՝ խոսելով առաջացած իրավիճակի և Գյումրու այն բնակչների մասին, որոնք ի սկզբանե սոցիալական ծանր խնդիրներ են ունցել:
«Գյումրու սոցիալական ծանր պայմանները նոր չեն, բայց հիմա դրան գումարվեց օրավարձով աշխատողների կամ ամռան ամիսներին ժամանակավոր աշխատանքներ կատարող մարդկանց անգործությունը: Հիմա պարզապես հոգեբանական ավելի ծանր իրավիճակ է ստեղծվել, քանի որ մարդիկ ավելի շատ էներգիա են ծախսում օգնություններ ակնկալելու գործընթացի կամ այդ իրավիճակից դուրս գալու վրա»,- ասաց նա:
Թումասյանի խոսքով՝ նույնիսկ իրենց հասարակական կազմակերպությունը պետք է ոչ միայն սոցիալական աջակցությամբ զբաղվեր, այլ նաև ելքեր գտներ քաղաքացիների համար, և ըստ նրա՝ իշխանությունները պետք է մտածեն, որ այս համաճարակից հետո պետք է ժողովրդին օգնել, թեկուզ ժամանակավոր աշխատանք տրամադրել:
«Իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպես պետք է քաղաքացիներին դուրս բերեն ճգնաժամից, քանի որ հետևանքներն ավելի ծանր են լինելու, քան մենք պատկերացնում ենք, քանի որ եթե անգամ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարենք, քաղաքացու մոտ ստեղծված հոգեբանությունը երկար ժամանակ հետևանքներ է թողնելու»,- նշեց Թումասյանը:
Նա նշեց, որ չի ուսումնասիրել, թե Գյումրու տնակներում ապրող քաղաքացիներից քանիսներն են կարողացել օգտվել Կառավարության աջակցության ծրագրերից, սակայն տնակներում գազ չունենալու պատճառով քաղաքացիներն ավելի շատ էլեկտրաէներգիա են ծախսել և չէին կարող օգտվել Կավառարության կումունալ վճարումների աջակցություններից: «Նրանք այն ժամանակ էլ էին գոյության կռիվ տալիս, հիմա էլ»:
Հարցին, թե ինչ այլ աջակցություններ են ստացել, հասարակական կազմակերպության տնօրենը պատասխանեց, որ սննդամթերք բաժանող այլ ֆոնդերից աջակցություններ ստացողները եղել են մոտ 2000-2500 ընտանիք: