«Միայն հիացմունքի և երախտագիտության խոսքեր կարելի է ասել»․ԱՀԿ-ն Ուհանին շնորհավորել է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի և հաղթանակի համար
Առողջապահության ոլորտում ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի տեխնիկական ղեկավար Մարիա վան Կերխոուվը շնորհավորել է կորոնավիրուսի օջախ համարվող Ուհան քաղաքին՝ վարակի դեմ արդյունավետ պայքարի և հաղթանակի կապակցությամբ, գրում է CNN-ը։
«Ուրախալի է լսել, որ Ուհանում հիվանդության ծանր դեպքեր չկան։ Այդ քաղաքն ամենաշատն է տուժել ամենասկզբում։ Միայն հիացմունքի և երախտագիտության խոսքեր կարող եմ ասել Ուհանի բնակիչներին իրենց անխոնջ աշխատանքի համար»,-ասել է Վան Կերխոուվը։
Նա նաև գովեստի խոսքեր է ուղղել քաղաքի բնակիչներին, որոնք հետևել են արտակարգ միջոցառումներին և տանն են մնացել։
«Մեր խոնարհումը ձեզ և շնորհակալություն ձեր նվիրվածության, ծառայության, ինչպես նաև աշխարհին ցույց տալու համար, թե ինչ կարողացաք անել»,- ասել է նա:
Նախօրեին Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է ընդամենը 1 մարդ, մահվան դեպքեր չեն գրանցվել:
Վերջին տվյալներով՝ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 82 875 դեպք, ապաքինվել է 77 685 մարդ: Ընդհանուր մահերի թիվը 4633 է: