ԱՄՆ-ում հավանություն են տվել կորոնավիրուսը «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով բուժելուն
ԱՄՆ դեղորայքի և սննդի որակի սանիտարական վերահսկման վարչությունը թույլ է տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման համար «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառումը, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ տվյալ դեղամիջոցը կորոնավիրուսով որոշ հիվանդներին հնարավորություն է տվել ավելի արագ ապաքինվել:
Պարբերականը նկատում է, որ սա առաջին դեղամիջոցն է, որը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում դրական արդյունք է ցույց տվել:
Թրամփը վարչության որոշման մասին հայտնել է Սպիտակ տանը կազմակերպված ճեպազրույցի ժամանակ, որին ներկա է եղել նաև վարչության ղեկավար Սթիվեն Հանը: Վերջինս մանրամասնել է, որ «Ռեմդեսիվիր»-ը կտրվի հոսպիտալացված վարակակիրներին, մասնավորապես՝ ծանր վիճակում գտնվող մեծահասակներին և երեխաներին:
Ըստ պետական ֆինանսավորմամբ անցկացված հետազոտության արդյունքների՝ այս դեղամիջոցի կիրառումը 31%-ով կրճատում է կորոնավիրուսից ապաքինման ժամանակահատվածը, ինչը միջինում կազմում է չորս օր: 1063 հիվանդի հետազոտության արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցն ընդունած հիվանդներն ի տարբերություն այն չստացածների չորս օրով պակաս՝ 11 օր են անցկացրել հիվանդանոցում: Այնուհանդերձ, դեղամիջոցի կողմնակի ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան: