Թող մեր ընկերությունը ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը. Թուրքիան բացատրություն է պահանջել Չինաստանից՝ Հայաստանին ուղարկած օգնության արկղերի վրա առկա գրության պատճառով
Թուրքիան Չինաստանի իշխանություններից պահանջել է պարզաբանել Covid-19-ի դեմ պայքարի համար Հայաստան ուղարկված հումանիտար օգնության արկղերի վրա առկա գրության իմաստը:
Ինչպես հաղորդում է EADaily պարբերականը, Անկարայում ԱԳՆ են կանչել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Դենգ Լիին և բացատրություն պահանջել, թե ինչու է հումանիտար օգնության արկղերի վրա հայտնվել «Թող մեր ընկերությունը ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը» գրությունը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը:
«Դեսպան Դենգը տեղեկացրել է, որ Հայաստանի համար նախատեսված հումանիտար օգնությունը պատրաստվել է Չինաստանի նահանգներից մեկի վարչակազմի և ուղարկվել մասնավոր ընկերության կողմից»,- ասվում է թուրքական ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ըստ արտաքին քաղաքականության գերատեսչության՝ դեսպանի խոսքով՝ չինարեն տեքստում Արարատ լեռան անունը չի նշվել, իսկ անգլալեզու տեքստն ավելի ուշ է ավելացվել արկղերի վրա:
Ինչպես ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում Չինաստանը Հայաստանին բժշկական օգնություն է ուղարկել, որը ներառել է 2 թթվածնային կայան, 60 000 թեստ, 60 000 բժշկական դիմակ, 280 000 պաշտպանիչ դիմակ, 20 000 պաշտպանիչ ակնոց, 100 000 պաշտպանիչ հագուստ և դեղամիջոցներ: