Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 130 000-ի. Worldometers
Կորոնավիրուսից մահացածների թիվը Ֆրանսիայում վերջին մեկ օրում ավելացել է 635-ով՝ ընդհանուր մահվան ցուցանիշը համաճարակի բռնկման սկզբից ի վեր հասցնելով 13 832-ի: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Երկրի առողջապահության նախարար Ժերոմ Սալոմոնի հաղորդմամբ՝ մարտի 1-ից ի վեր արձանագրված մահվան դեպքերից 4889-ը բաժին է հասնում ծերանոցներին:
Բացի այդ, մեկ օրում 4785 մարդ է վարակվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 129 654-ի: Ակտիվ վարակակիր է 89 431 մարդ: Ապաքինվել է 26 391 մարդ:
Ֆրանսիացի նախարարը նշել է, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ ակտիվ փուլում: Երկրում մարտի 17-ից ինքնամեկուսացման խիստ ռեժիմ է սահմանվել:
Ապրիլի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես կգա ելույթով՝ դիմելով իր ժողովրդին: Ակնկալվում է, որ նա կհայտարարի հավելյալ սահմանափակումների մասին: