Մթնոլորտն անտանելի է դառնում. ինչո՞ւ են յուրայինները լքում Փաշինյանին
Վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվել է Հակոբ Ճաղարյանը, ով, մեկնաբանելով այդ փաստը, բավական ուշագրավ բացահայտումներով է հանդես եկել: «Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները»,-մասնավորապես, հայտնել է վարչապետի նախկին խորհրդականն ու միաժամանակ տեղեկացրել, որ դեռևս անցյալ շաբաթվանից է ազատման դիմում գրել՝ հրաժարվելով «տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից»:
Ի դեպ, պակաս խոսուն չի ստացվել վարչապետի նախկին խորհրդականի եղբոր՝ Արարատ Ճաղարյանի արձագանքը կատարվածին: «…Գիտեի, որ նա չի դիմանալու ձևավորված կեղծիքի, երեսպաշտության, քծնանքի այս մթնոլորտում...»,- մասնավորապես, ֆեյսբուքյան նման գրառմամբ է արձագանքել եղբոր պաշտոնաթողությանը Արարատ Ճաղարյանը:
ՔԱԿ-ի շուրջ բարձրացած աղմուկը, ինչպես հայտնի է, կապված է քաղավիացիայի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունների հետ. պաշտոնապես հաստատվել է, որ Քաղավիացիայի կոմիտեում EASA-ի անցկացրած վերջին աուդիտի հետևանքով առնվազը հայկական երկու ավիաընկերություններ զրկվել են դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու հնարավորությունից:
Անկասկած, Ճաղարյանի հրաժարականի փաստն ինքնին բավականին խոսուն է, խորքային հարցերի տեղիք տվող, և խոսքը տվյալ պարագայում շատ ավելի համապարփակ հարցարդումների մասին է, քան պարզապես ՔԱԿ-ում Ռևազյանի պաշտոնավարմամբ սկզբնավորված կասկածելի մթնոլորտի, որի արդյունքում ավանդական թռիչքային ուղղությունները զոհաբերվեցին դոտացիայով թռչող մի քանի արտասահմանյան լոուքոսթերների:
Ի դեպ, Տաթևիկ Ռևազյանը կարծես՝ շարունակում է մնալ այն կարծիքին, որ ազգային ավիափոխադրող ունենալը Հայաստանի համար աննպատակահարմար է: Նմանօրինակ մի պնդում Ռևազյանը մոտ եկու ամիս առաջ Ազգային ժողովում էր արել՝ հռետորական հարց բարձրացնելով, թե ինչպե՞ս կարող ենք կառուցել մի փոխադրող, որը կկարողանա մրցակցությանը դիմադրել, պատրա՞ստ ենք, որպես պետություն ծախսը կրել: Դրանից առաջ էլ հայտարարել էր, թե ազգային փոխադրողի կարգավիճակ կարող է տրվել միայն ուժեղ տեղական ավիաընկերությանը, սակայն դրա մասին խոսելը դեռ վաղ է: Այսպիսով, չնայած ուղղակիորեն չի հայտարավում ազգային փոխադրող ունենալու գաղափարի աննպատակահարմարության մասին, սակայն բերվում են ինչ-որ պատճառաբանություններ, որ կոչված են արդարացնելու ու առավել նպատակահարմար հռչակելու դաշտում ներկայումս առկա իրավիճակը, որի սնանկությունը, ի դեպ, ևս մեկ անգամ ի հայտ եկավ հենց վերջին շրջանում, երբ սփյուռքի հայկական համայնքներից մարդիկ ուղղակի չեն կարողանում տեղափոխվել Հայաստան: Ակնհյատ է, որ բազմաբնույթ մարտահրավերների առաջ կանգնած մեր երկի համար ազգային փոխադրող ունենալը վաղուց ստրատեգիական նշանակության հարց է: Ազգային ավիափոխադրողի վերաբերյալ իշխանական պատեկարցումները չեն ներդաշնակվում իրական մարտահրավերների հետ: Արդյո՞ք ճիշտ էր հավատալ ու վստահել նման կարևորագույն հարցում կասկածելի դիրքորոշում ունեցող ղեկավարներին:
Հակոբ Ճաղարյանը իշխանական բուրգում տիրող վատառողջ մթնոլորտից հոգնած միակ պաշտոնյա՞ն է: Միամտություն կլինի կարծելը, թե մնացյալ բոլոր հարցերում բարձրագույն իշխանությունների որդեգրած կեցվածքը տարբեր է Ճաղարյանի ներկայացրած պատկերից. Փաշինյանը հայտնի է իր՝ խորհուրդներ լսելու անընդունակությամբ, իր ենթակաների նկատմամբ հախուռն պահվածքով, ինչի պատճառով էլ, ըստ էության, նրան շարունակաբար լքում են, թողնում ու հեռանում՝ նույնիսկ պաշտոնից հրաժարվելու գնով: Բավական է հիշել, որ վերջին ամիսներին պաշտոնից հեռացել են Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ինրպես նաև Արամ Ղարիբյանը, Մհեր Սահակյանը, Արսեն Գասպարյանն, Արսեն Խառատյանը՝ Փաշինյանի նախկին խորհրդականներն ու օգնականները:
Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը ստեղծել է մի մթնոլորտ, որում փորձառուները պարզապես չեն դիմանում: Հայաստանում ամենից հաճախ պատասխանատու պաշտոնների են նշանակվում մարդիկ, ովքեր անփորձ են իրենց գործում և նույնիսկ բավարար կենսափորձ չունեն: Որպես կանոն նման նշանակումները հիմնավորվում են հակակոռուպցիոն քաղաքականությամբ. մասնավորապես, հայտարարվում է, որ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ նորելուկ, անփորձ կադրերն իբր «մաքուր» են, կոռուպցիոն մեխանիզմներից անտեղյակ: Այնինչ փաստ է, որ նույն այդ նորելուկները համակարգեր են քանդում՝ չգիտես ինչու այդպես էլ չարժանանալով սեփական վերադասների օբյեկտիվ խիստ գնահատականին:
Այսպիսով՝ հստակ հարցադրում է առաջ գալիս, թե սխալվելու որքա՞ն ռեսուրս ունի մեր երկիրը և ի՞նչ ուղղությամբ կարող է գնալ նման տեմպերով:
Վռամ Սուքիասյան