Փաշինյանը կփորձի հանրաքվեի քարոզարշավը տանել «սևերի» և «սպիտակների» հակադրության ուղղությամբ, բայց մենք արդեն հոգնել ենք հասարակության բևեռացումից. Նարինե Մկրտչյան
Նիկոլ Փաշինյանը կփորձի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը տանել այն ուղղությամբ, որտեղ ուժեղ է՝ «սևերի» և «սպիտակների» հակադրություն, բայց մենք արդեն հոգնել ենք հասարակության բևեռացումից, որովհետև դրա մեջ քաղաքական գաղափարներ չեն ծնվում, և նրանք, ովքեր գաղափարներ ունեն, չեն ուզում մտնել այդ պայքարի մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
Նա, սակայն, ընդգծեց՝ խնդիրն ավելի շատ քաղաքական է, քան՝ քարոզչական: «Իշխանություններն իշխանության են եկել քարոզչական տեխնոլոգիաների միջոցով, բայց մի սխալ մտածողություն կա, թե տեխնոլոգիաները կփրկեն քաղաքականությունը, կամ, առավել ևս, կփոխարինեն քաղաքականությանը: Տեխնոլոգիաները գործիքակազմ են՝ քաղաքականություն իրականացնելու համար, մինչդեռ կարծում եմ, որ իշխանությունները հեղափոխությունից ի վեր զբաղված են ավելի շատ տեխնոլոգիաներ գործադրելով, քան՝ քաղաքականությամբ, այդ պատճառով կարծում եմ՝ առանձնապես չեն էլ պատկերացնում Հայաստանում կատարվող քաղաքական գործընթացները, իսկ քաղաքական օրակարգի բացակայությունը քաղաքական խնդիրները չընկալելու հետևանք է»,-ասաց Մկրտչյանը:
Ըստ Մկրտչյանի, քանի որ իշխանությունները քաղաքականությունը չեն կարողանում ընկալել, սկսում են աշխատեցնել գործիքներ, ինչը, սակայն, երկարատև արդյունքներ ապահովել չի կարող:
Մկրտչյանը տեսակետ հայտնեց նաև, թե իշխանությունը գնաց սխալ ճանապարհով՝ փոխանակ դիմեր քաղաքական արմատական փոփոխությունների, խնդրի լուծումներ առաջարկեր, քննարկումներ իրականացներ, նոր սահմանադրության ընդունման բանավեճ ծավալեր, սկսեց խնդիրը չափազանց նեղացնել՝ հանգեցնելով այնպիսի մի գործընթացի, որն ընդհանուր քաղաքական գործընթացում շատ մեծ կարևորություն չի ներկայացնում այն պարզ պատճառով, որ առաջադրված խնդիրը հնարավոր էր լուծել նոր սահմանադրության ընդունման արդյունքում:
«Ես կարծում եմ նաև, որ գործող իշխանությանը, և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին նոր սահմանադրությունն ընդունելը ձեռնտու չէ: Լուրջ կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանին նախկին համակարգը և սուպերվարչապետական լիազորությունը միանգամայն ձեռնտու են, այդպես ավելի հեշտ է պահել իշխանությունը: Այս առումով ողջունում եմ հանրաքվեի բոյկոտի գաղափարը, բայց վստահ չեմ, որ շատ ուժեր կկարողանան ներգրավվել դրա մեջ նաև այն պատճառով, որ կարող է լինել ընդգծված հակաքարոզչություն «Ոչ»-ի դեմ»,-ասաց նա:
Անդրադառնալով «Ոչ»-ի քարոզմանը՝ Մկրտչյանն ասաց, թե իր կարծիքով՝ ցաքուցրիվ ուժերը, գործիչները, որ կան, ավելի շատ ոչ թե «Ոչ» են քարոզում, այլ ակտիվ բոյկոտում են, այն պատճառով նաև, որ նոր քաղաքական օրակարգ է անհրաժեշտ, նոր սահմանադրություն:
«Մեծ հույսեր չկան, որ «Ոչ»-ի բոյկոտի միասնական քայլերի կատարումը ուժեղ կլինի, որովհետև միշտ կա «սևերի» և «սպիտակների» բաժանման մեջ երկրորդների դաշտում հայտնվելու մտավախություն»,-ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահը: