Արցախի հարցում անվտանգության միջազգային երաշխիքներն ադրբեջանական ծուղակ են, մենք պատրա՞ստ ենք այդ դեպքում հրաժարվելու տարածքներից. Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)
Ադրբեջանական քարոզչական գրոհներին հակադարձելու համար անհրաժեշտ է 24-ժամյա աշխատանք, դրան պետք է ներգրավվեն բոլոր պետական կառույցները, մշակվեն ընդհանուր թեզեր, գործողությունները լինեն համաձայնեցված, բացառվի ինքնագործունեությունը, այլապես այդ ամենը կօգտագործվի մեր դեմ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Ադրբեջանական քարոզչությունը ճկուն է, այն արագորեն զարգանում ու փոփոխվում է: Պետական կայքերում Արցախի մասին միայն բազմալեզու տեղեկատվություն դնելը բավարար չէ: Մենք պետք է պատրաստ լինենք նախահարձակ լինելու, պետք է հասկանանք՝ որ ուղղությամբ ակտիվորեն գործել, կանխենք հակառակորդի տեղեկատվական գրոհները»,- ասել է Էլիբեգովան:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանում գործում է հակահայկական պետական քարոզչության հիերարխիկ համակարգ, որն սկսվում է դպրոցում, ապա ուղեղի լվացման արդյունքում ձևավորված թշնամական պատկերը խորացնում են և՛ ԶԼՄ-ները, և՛ պաշտոնյաները, և՛ փորձագետները.
«Տեղեկատվական աղմուկը երկրորդ պլան է մղել մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Ադրբեջանի ուղղությամբ համակարգված քարոզչական պատերազմի ձևաչափ այսօր գոյություն չունի: Կան մի քանի առանձին փորձագետներ, որոշ ֆիլմեր, բայց դա բավական չէ, պետք է պետական քաղաքականություն»:
Էլիբեգովայի կարծիքով՝ Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճով երևաց, որ հայկական և ադրբեջանական հասարակություններն արմատապես տարբեր պատկերացում ունեն Արցախի հարցի հանգուցալուծման շուրջ. «Ալիևը ողջունեց կարգավորման փուլային տարբերակը, որն անվանվում է նաև լավրովյան պլան: Փաշինյանը դրան, ցավոք, չհակադարձեց: Մինչ այսօր մենք որոշակիություն չունենք՝ Հայաստանը դե՞մ է փուլային տարբերակին, կողմ՝ փաթեթայինի՞ն: Մենք բանակցային գործընթաց ենք ներմուծում նոր տերմինաբանություն, որը դեռևս անընկալելի է»:
Փորձագետի պնդմամբ՝ տարածքները միայն անվտանգություն չեն, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը, այլ ազատագրված հողեր, որոնք Արցախի Սահմանադրությամբ այդ երկրի անքակտելի մասն են. «Մամեդյարովը վերջերս ասաց, որ իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով կարող են պարզել՝ հայկական կողմն անվտանգության ի՞նչ երաշխիքների կարիք ունի: Մենք չպետք է մտնենք այդ ծուղակի մեջ: Մենք պատրա՞ստ ենք միջազգային հանրության որոշակի երաշխիքների դեպքում հրաժարվել տարածքների մի մասից: Բաքվի և Սումգայիթի ջարդերի ժամանակ այդ քաղաքներում խորհրդային ոստիկանություն կար, բայց այն այդպես էլ չմիջամտեց»:
Դավիթ Սարգսյան