ԲԴԽ-ն բացարձակ անկախ է․ միակ ճնշումը, որ զգում ենք, հանրության ճնշումն է. Գրիգոր Բեքմեզյան (տեսանյութ)
Ես՝ որպես ԲԴԽ անդամ, սկզբունք եմ որդեգրել, և Խորհուրդն էլ այդ սկզբունքը որդեգրել է, որ մենք ՍԴ-ի հետ կապված որևէ կարծիք չենք հայտնում և վերաբերմունք չենք դրսևորելու, որովհետև մենք առանձին սահմանադրական մարմիններ ենք և չենք ուզում այդ վեճի մեջ խառնվել:
Այսօր 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ նման կարծիք հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ խոսելով ԲԴԽ-ի վերաբերյալ վերջին շրջանում քննարկվող թեմաների մասին։
Հարցին, թե արդյո՞ք ԲԴԽ-ն ողջ ծավալով իրականացնում է իր գործունեությունը՝ վերահսկողական, դատական համակարգի պաշտպանության առումով ու օրենքով իրեն վերապահված այլ գործառույթների ու իրավասությունների համակցությամբ, Բեքմեզյանը պատասխանեց․
«ԲԴԽ-ն բավական նոր մարմին է, և լիազորությունները, որոնք նախանշված են Սահմանադրությամբ և նաև Դատական օրենսգրքով, ԲԴԽ-ին տալիս են մի շարք լիազորություններ, որոնք ուղղված են դատական իշխանության անկախության ապահովմանը: Իրականում, որպեսզի ԲԴԽ-ն ամբողջությամբ իրականացնի հանրության այն հույսերը, որոնք դրված են Խորհրդի վրա, այսինքն՝ ամբողջությամբ ապահովի դատական իշխանության անկախությունը, ապահովի, որպեսզի դատական իշխանությունը գործի արդյունավետ և օբյեկտիվ, իմ կարծիքով, ԲԴԽ լիազորություններն այդքան էլ շատ չեն»։
«Խորհուրդը չի կարող ինքնուրույն վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ։ Սա չի նշանակում՝ սխալ է, որ ԲԴԽ-ն չի կարող վարույթ հարուցել: Ես սա շեշտում եմ նրա համար, որ շատ հաճախ սուբյեկտները՝ քաղաքացիները, տարօրինակ է, բայց նաև իրավաբանները, դիմում են ԲԴԽ-ին՝ անմիջապես դատավորների վերաբերյալ բողոքներով: Այս բողոքներին մենք չենք կարող ընթացք տալ, որովհետև մենք այդ իրավասությունը չունենք»,- ասաց նա և հավելեց, որ սրան շատ այլ խնդիրներ են հաջորդում։
Անդրադառնալով այն հացին, որ ի պատասխան լրագրողներին ՀՀ արդարադատության նախարարն ասել էր՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշում է գործադրվում, եթե նրանք իրենց նկատմամբ ճնշում են զգում, թող դիմեն վարչապետին՝ Բեքմեզյանը նշեց, որ ՍԴ դատավորների անկախության ապահովումը ԲԴԽ-ի լիազորությունների մեջ չի մտնում:
«Մենք որևէ սահմանադրական իրավունք և պարտավորություն չունենք՝ ՍԴ դատավորների հետ կապված: Եթե նույնիսկ ՍԴ դատավորները մեզ դիմեին, մենք ոչինչ չէինք կարող անել: Այդ իսկ պատճառով էլ, կարծում եմ՝ ասվել է, որ պետք է դիմեն վարչապետին: Եթե այդ ճնշումը քրեական հանցակազմի հատկանիշներ ունի, պետք է միանշանակ դիմեն իրավապահ մարմիններին: Եթե ունի քաղաքական, բարոյական ինչ-ինչ հատկանիշներ, ապա պետք է դիմեն այն ուժին, որի կողմից իրենք զգում են այդ քաղաքական ճնշումը»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք ԲԴԽ-ն ազատ է գործում, անկաշկանդ ու անկախ, նա շեշտեց․ «Բացարձակ անկախ ենք: Միակ ճնշումը, որ զգում ենք, հանրության ճնշումն է, որ մեր նկատմամբ կա և դա դրական ճնշում է: Պարտադիր պետք է այդ ճնշումը լինի, և ես հույս ունեմ, որ չի էլ դադարի»:
Բեքմեզյանը, խոսելով վարչապետի՝ դատարանները շրջափակելու կոչի մասին, ասաց որ գործողությունը իրավաչափ է եղել և այնտեղ որևէ ճնշում դատարանների նկատմամբ չի տեսել։ Կոնկրետ որևէ դատավորի նկատմամբ ճնշում չի եղել: Դա քաղաքական ակցիա էր, որը տեղավորվում էր հետհեղափոխական տրամաբանության մեջ»։
«Ցանկացած հեղափոխական գործողության մեջ կարող են լինել խախտումներ: Ես չեմ ուզում հիմա քաղաքական հայտարարություն անել, քանի որ այն ժամանակ իմ կարծիքը հայտնել եմ ու հետ չեմ կանգնելու դրանից, բայց ես գտնում եմ, որ որոշակի բաներ փոխելու համար խախտումներ կարող են լինել: Ամեն դեպքում, չենք կարող ասել, որ դատարանների դուռ փակելը դատական իշխանության բարեփոխումների ամենալավ տարբերակն էր, բայց ենթադրում եմ, որ այդ պահին քաղաքական իշխանությունը հարմար է գտել այդ տարբերակով շարժվել»,- նշեց նա։
Բեքմեզյանը չցանկացավ գնահատական տալ վարչապետի՝ ասֆալտին ծեփելու, պատերին փռելու, շնաբարո դուրսպրծուկներ, վնգստացող դատավորներ բովանդակությամբ խոսքերին, համարեց, որ դատական համակարգի նկատմամբ նման արտահայտությունները շատ են հնչում, ընդ որում և՛ ընդդիմադիրների, և՛ իշխանամետների կողմից:
«ԲԴԽ-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, և ընդհանրապես, բոլոր քաղաքական հայտարարությունների հետ կապված՝ կոչ է արել զերծ մնալ դատական իշխանության նկատմամբ վիրավորական կամ ցանկացած այլ արտահայտություն անելուց, որը կարող է նվազեցնել դատական իշխանության հեղինակությունը: Ես հավատարիմ եմ մնում այդ հայտարարությանը»,- ասաց ԲԴԽ անդամը։
Դիտարկմանը, թե Դատական օրենսգրքի փոփոխություններով՝ նախատեսվում է դատավորների տարիքային շեմը նվազեցնել, արդյո՞ք կարող է 25 տարեկան դատավորը քրեական գործերով ակնկալելի արդար ու կշռադատված որոշում կայացնել՝ ելնելով կենսափորձի պակասից, Բեքմեզյանը պատասխանեց, որ նոր փոփոխություններով նախատեսվում է, որ մինչև դատավորի համար ԲԴԽ հարցազրույցի փուլին հասնելը՝ բոլոր դատավորները պարտավոր են անցնել հոգեբանական թեստավորում:
«Բայց, այնուամենայնիվ, այո, ես համաձայն եմ, որ 25 տարեկանը բավարար չէ, այսինքն՝ այն կենսափորձը չի կարող ունենալ անձը 25 տարեկանում, որ կարողանա շատ բարդ հարցեր լուծել: Բայց և չեմ բացառում, որ կարող են լինել 25 տարեկան անձինք, որոնք շատ լավ կարող են դա անել: Դրա համար ես շատ կարևորում եմ ԲԴԽ-ի դերը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: