Առաջնային խնդիրները չեն լուծում, անձերին հեռացնելու նպատակով 5-6 մլն դոլար են ծախսում հանրաքվեի համար, ինչն առանձնակի ճոխություն է պետության համար և սխալ. Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը առանձնակի ճոխություն է համարում սահմանադական հանրաքվե անցկացնելը: Tert.am-ի հետ զրույցում այս պահին նախկին իշխանությունները փաստի առաջ են կանգնեցրել ներկա իշխանությանը՝ չդառնալով ուղիղ թիրախ, քանի որ «Ոչ»-ի շտաբ ձևավորում են շահագրգիռ իրավաբանների խումբը: Պետրոս Մակեյանն ասաց, որ իշխանությունների համար անհրաժեշտ թվով մասնակցություն ապահովելը դժվար է լինելու, մտահոգություն ունի, որ կարող են օգտվել Տիգրան Մուկուչյանի թվանկարչությունից, Տիգրան Մուկուչյանը դա կարող է անել նաև ինքնաբուխ:
-Պարո՛ն Մակեյան սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք, շատերը կարծում են, որ երկրում այլ առաջնային հարցեր կան, որոնք անտեսվում են:
- Կուսակցության հայատարությունը կլինի երկուշաբթի: Բայց իմ անձնական տեսակետն այն է, որ հանրաքվե անցկացնելը պետության համար առաձնակի ճոխություն է: Եթե սահմանադրական հանրաքվե էր նախաձեռնվում, ապա պետք է ամբողջական փոփոխություններ արվեին: Գիտեք՝ 2015-ին ձևավորել էինք «Ոչ»-ի շտաբ, ժողովուրդը իրականում «Ոչ» էր ասել, մերժել: Բայց հիմա այս իշխանությունները ևս երկիրը առաջ են տանում այդ Սահմանադրությամբ, հիմա մենք գտնում ենք, որ Սահմանադրության ամբողջական փոփոխության հանրաքվե պետք է նախաձեռնվեր հեղափոխությունից հետո, որը չի արվել: Հիմա լոկալ նպատակով 5-6 մլն դոլար են ծախսում, անձերին հեռացնելու համար, ես անձամբ գտնում եմ, որ դա սխալ է:
Երկիրը, ինչպես էլ շուռ տաս, խնդիրները շատ են, իհարկե իշխանությունները, իրենց պարգևավճարով, միգուցե չեն տեսնում այդ խնդիրները: Վերջերս չափից ավել խորացել են բանակում անհայտ հանգամանքներում մահվան դեպքերի քանակը, որը յուրաքանչյուր հայ մարդու խնդիրն է, բանակը անվտանգության ճակատն է, զինվորը մեր սրբությունն է, բայց մենք շաբաթը 2 -3 անգամ զոհ ենք ունենում: Պիտի համակարգային լուծումներ տրվեն, առաջնային, երկրորդական խնդիրները տարբերակվեն:
- Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը զերծ է մնում է «Ոչ»-ի ճամբար ձևավորելուց, փոխարենը իրավաբանների խումբն է հայտարարել ճակատի ձևավորման մասին: Սա նո՞ր մշակույթ է. կուսակցությունները դո՞ւրս են մղվում:
-Սա շատ լուրջ գործընթաց է, իշխանությանը փաստի առաջ են կանգնեցնում: Իշխանությունները մտածում են հեշտ գործ է հանրաքվեն ցանկալի արդյունքներով անցկացնելը, բայց նախկիները, ունենալով մեծ փորձ, թիրախից դուրս են գալիս, շտաբի մեջ չմտնելով՝ թիրախավորված չեն լինելու, բայց մասնակցելու են բոլոր գործընթացներին, կրկնեմ՝ իշխանություններին կանգնեցնելու են փաստի առաջ:
-Պարո՛ն Մակեյան, եթե չեմ սխալվում Դուք մտահոգություն էիք հնչեցրել, որ անհրաժեշտ մասնակցության ցուցանիշն ապահովելու համար իշխանությունները ստիպված կլինեն օգտվել Տիգրան Մուկուչյանի ծառայությունից, ինչը կլինի հեղափոխության վերջը:
-1996-ից սկսած՝ բոլոր ԿԸՀ նախագահների գործունեության գնահատականը պետք է տրվի: Մուկուչյանն այդ անձերի «գագաթնակետն» է և, բնականաբար, առ այսօր նրա գոյությունը ԿԸՀ-ում, նման մտահոգության տեղիք է տվել:
Եթե նախորդ հարցի պատասխանից բխում էր, որ նախկին իշխանությունները հետին պլան են մղվել, բայց շահագրգիռ իրավաբանների խումբ է ձևավորվել, հիմա իրավաբաներն են առաջին գիծ գալիս, թիրախը դուրս է մնում և բարդանում է հանրությանը ընտրատեղամաս բերելը: Իշխանությունները վստահ են, որ 650 հազար քվե ապահովելու են, բայց դժվար է լինելու, և քանի որ Տիգրան Մուկուչյանը թվանկարչության մեծ փորձ ունի, կարող են դրանից օգտվել, համոզված չեմ, որ Փաշինյանը այդ քայլին կգնա, բայց Մուկուչյանը կարող է ինքաբուխ ծառայություն մատուցել, որպեսզի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինի: Եթե Մուկուչյանը կա, արդեն մտահոգիչ է, ինքը, կրկնեմ, կայացած է թվանկարչության մեջ:
-«Իմ քայլի»-ի անդամները ակտիվորեն քննադատում են ԼՀԿ-ին՝ հանրաքվեի գործընթացում ոչ մի ճամաբարում հանդես չգալու որոշման պատճառով, սակայն նման ճանապարհով Նիկոլ Փաշինյանը գնացել էր 2015-ին:
-Ես ամեն ինչ լավ եմ հիշում․ 2015-ին Նիկոլ Փաշինյանի հետ բանակցում էինք, փորձում էինք «Ոչ»-ի շտաբ ձևավորել, Նիկոլը ասեց՝ լուրջ չի, կեղծ օրակարգ է և չմասնակցեցին:
Հիմա եթե չասենք կեղծ օրակարգ է, ապա այսպես է, պետականության առաջնային խնդիրներ չեն լուծում և հանրությանը մասանակից են դարձնում լոկալ գործողության: Հիմա դուք հիշեցնում եք չէ՞ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասել։ Ժամանակը բոլորի գնահատականը տալիս է, իրավիճակը ենթադրում է գործողությունների ընթացքը: Բայց պետք է ասել, որ այն ուժերը, որոնք «Ոչ»-ի կողմնակից են և չեն մասնակցում շտաբի ձևավորմանը, շատ ավելի լուրջ աջակցություն են ցուցաբերում նախկին իշխանություններին, որոնք, ստվերային մասնակցությամբ, թիրախ չեն: