Անվտանգության խնդիր առաջացնում են ոչ թե օտարալեզու հեռուստաալիքները, այլ հայկական եթերով հեռարձակվող ցածրաճաշակ, քրեական ենթամշակույթ քարոզող սերիալները. Ալեքսեյ Սանդիկով
Ցանկացած օտարալեզու հեռուստաալիքի եթերն արհեստական փակելը բոլորովին չի նպաստում Հայաստանի քաղաքացու թե՛ միջազգային լրահոսից տեղյակ լինելու, թե՛ գլոբալ քաղաքացի դառնալու իրավունքի իրացմանը:
Նման կարծիք հայտնեց ԱԺ-ում ռուսական համայնքը ներկայացնող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը` անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարությանը, որ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա` այդ թվում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը:
«Իրականում ազգային անվտանգության խնդիր են առաջացնում հայկական եթերով հեռարձակվող ցածրաճաշակ, քրեական ենթամշակույթ քարոզող սերիալները: Այդքան հարուստ պատմություն և մշակույթ ունեցող երկրի համար այդպիսի հայկական եթեր ունենալը, շատ ավելի մեծ սպառնալիք է անվտանգության համար, քան միջազգային ճանաչված ալիքներն են, անկախ նրանից, դրանք ռուսալեզու են, անգլերեն, չինարեն, թե այլ լեզվով»,- ասաց նա:
ԱԺ պատգամավորը նաև նշեց, որ ինքն ընդունում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մտահոգությունն այս հարցի վերաբերյալ:
«Ռուսաստանը մասնավոր երևույթ է նկարագրում` ասվում է, որ ռուսական ալիքների փակումը համահունչ չէ հայ-ռուսական հարաբերություններին: Միանշանակ, համակարծիք եմ դեսպանատան հետ: Բայց կարծում եմ, սա գլոբալ խնդիր է, վերաբերում է օտարալեզու հեռուստաալիքներին: Ստացվում է, որ մենք մեր եթերի որակը բարձրացնելու փոխարեն, ցանկանում ենք սահմանափակել այլ լեզուներով հեռարձակվող հեռուստաալիքների գործունեությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն արձագանքել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կողմից «համառորեն առաջ քաշվող այն դիրքորոշմանը, ըստ որի՝ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա` այդ թվում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը»:
«Մեր ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հնչեցրած հայտարարությունների ֆոնին ռուսական հեռուստաալիքների՝ «ազգային անվտանգության համար ներկայացնող սպառնալիքների» մասին թեզը տարակուսանք է առաջացնում»,- ասված է ՌԴ դեսպանատան մեկնաբանությունում:
Հռիփսիմե Հովհաննիսյան