Վանաձորի ուսանողական հանրակացարանի հրդեհը մարվել է. կա տուժած
Հունվարի 10-ին, ժամը 17:40-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբը:
Փրկարարները ծխապատ գոտուց տարհանել են 10 բնակչի, որից 8-ին՝ ավտոսանդուղքի միջոցով: Միլենա Ա.-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 19:29-ին:
Այրվել է Ուսանողական փողոցի թիվ 14 հանրակացարանի 4-րդ հարկի սենյակներից մեկը (մոտ 12 քմ)՝ ամբողջ գույքով, իսկ մեկ այլ սենյակի դուռը՝ ջերմահարվել։
Հիշեցենք, որ ավելի վաղ Tert.am-ը զրուցել էր Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, ով էլ ասել էր, որ Վանաձոր քաղաքի ուսանողական հանրակացարանում հրդեհ է բռնկվել:
«Նախնական տվյալներով՝ հրդեհը չի տարածվել, ավելի շատ ծուխ է: ԱԻՆ-ն ու մեր աշխատակիցներն այնտեղ են: Տուժածներ, վնասվածք ստացողներ էլ չկան նախնական տվյալներով: Բոլոր բնակիչներն էվակուացվել են: Միայն 5-6 ընտանիքի բնակեցնելու խնդիր կա, բոլորին կտեղավորենք մինչև հետևանքները վերացվեն»,-ասել էր նա: