Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունը հիմնավորված չէ. այդ մասին որոշումը բողոքարկվել է. պաշտպան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան խուզարկության՝ դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը:
«Գտնում ենք, որ այդ գործի շրջանակներում հիմնավորված չէ նրա տան խուզարկությունը: Բացի այդ պարոն Հայրապետյանի տանից առգարվվել են առարկաններ՝ առանց թույլտվության, մենք միջնորդել ենք վերադարձնել դրանք իրական սեփականատիրոջը, քանի որ առգրավելու թույլտվություն չի եղել, վարույթ իրականացնող մարմինը մեր միջնորդությունը թողել է առանց քննության: Գտնում ենք՝ այդ մասով էլ կա օրենքի խախտում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 12-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի տանը։
Հիշեցնենք նաև, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում քրգործ է հարուցվել, որը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ու վարույթ ընդունել: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում) , 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: