Գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է. առցանց համակարգի ներդրման արդյունքները
Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով` համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում:
Պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունն առցանց համակարգի գործարկման միջոցով իրականացնելու հիմնական նպատակները եղել են առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած դժգոհությունները բացառելը, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը վերացնելը, դպրոցների ֆինանսական վիճակի բարելավումը և այլն:
Արդյուքնում՝
Երևանում որևէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավել թվով առաջին դասարանցիներ ընդունել,
կտրուկ նվազել է գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը,
բողոքների թիվը կազմել է մոտ 1%, որը ցանկացած նոր համակարգի ներդրման համար նորմալ ցուցանիշ է,
առցանց գրանցման համակարգը բաց է` հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ, այն այլևս չի փակվելու,
կան ծնողներ, ովքեր սեպտեմբերի 2-ի դրությամբ դեռևս հայտագրում են իրականացնում` ընտրելով երեխայի դպրոցը:
Ամփոփելով առցանց համակարգի ներդրման նպատակներն ու գրանցված արդյունքները՝ կարող ենք նշել, որ նախանշված բոլոր նպատակների ուղղությամբ առկա է դրական միտում:
Մասնավորապես, դպրոցների առաջին դասարաններում փոխվել է ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը.
Եթե 2018-19 ուստարում Երևանում կար մինչև 25%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ թերբեռնված) 1-ին դասարաններ ունեցող թվով 6 դպրոց, ապա այս տարի այդպիսի դպրոցների թիվն ընդամնեը 3-ն է, այսինքն` նվազել է 50%-ով:
25%-50%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ միջին թերբեռնված) դպրոցների թիվը 37-ից հասել է 31-ի` նվազել է 16%-ով:
Միաժամանակ 50,1%-75%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ քիչ թերբեռնված) դպրոցների թիվն ավելացել է 25-ից հասնելով 34-ի` աճել է շուրջ 36 %-ով:
Այս փոփոխությունը կատարվել է առավել շատ թերբեռնված դպրոցների նվազման հաշվին՝ ավելի շատ առաջին դասարանցիներ ընդունելու արդյունքում։
75,1%-105%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ նորմալ) դպրոցների թիվն ավելացել է` 65-ից հասնելով 78-ի` աճել է 20%-ով:
Իսկ 105,1%-ից ավել ծանրաբեռնված (այսինքն՝ գերծանրաբեռնված) դպրոցների թիվը 22-ից իջել է 9-ի. գերբեռնված դպրոցների թիվը նվազել է 60 %-ով:
Տեղեկացնենք` համակարգում ներառված Երևանի թվով 155 պետական հանրակրթական դպրոցներում օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է 12.015 երեխա` նախորդ ուսումնական տարվա 11.793 –ի համեմատ: Այս ուսումնական տարում Երևան քաղաքի պետական դպրոցներում հայտագրվել է 222-ով ավելի շատ երեխա, քան նախորդ տարի:
Առցանց համակարգն այս տարի Երևանում փորձարկվելուց հետո` հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծել: