Որևէ մեկը չի կարող երբևէ սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Պետք է բոլոր հնարավոր հարթակներում շեշտել Արցախի ինքնորոշման իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախի անկախության օրվան:
«Տարեց տարի ամրացվել են անկախության հիմքերն ու երաշխիքները: Եվ պետք է ասենք, որ այդ գիտակցումը, որ Արցախի ազատությունն ու անկախությունը բազմաթիվ սերունդների նվիրական երազանքն է եղել, և այս երազանքն այսօր իրականություն է: Մենք բոլորս պարտավոր ենք մեր ջանքերը դնել, որպեսզի փայփայենք ձեռք բերվածը, կարողանանք ամրապնդել և հասցնել իր տրամաբանական հանգրվանին»-ասաց ԱԺ նախագահը:
Միրզոյանի խոսքով՝ Արցախի մասին խոսելիս պետք է հիշել, որ չկա ընդդիմություն, իշխանություն ասվածը, քանի որ բոլորի նպատակը մեկն է:
«Մենք խոսում ենք հիմնարար արժեքների, նվաճումների և նպատակների մասին, որոնց համար ընդհանրապես մեր ժողովուրդը՝ որպես հանրույթ, հավաքվել և պետականություն է ստեղծել: Այստեղ չի կարող լինել իշխանություն, ընդդիմություն, այստեղ տարակարծություններ չեն կարող լինել»,- նկատեց նա:
Միրզոյանն ասաց, որ, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտությունը պետք է բոլոր հնարավոր հարթակներն օգտագործի, որ լսելի դարձնի Արցախի հիմնահարցերը:
«Հնարավոր չէ, որևէ մեկը չի կարող երբևէ սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև, անկախ նրանից՝ որտեղ ինչ քաղաքական իշխանություն կա: Սա ժամանակակից, քաղաքական նեղ շահերից, առանձին խմբերից վեր մի բանի մասին ենք խոսում: Հնարավոր է ուղղակի տեսականորեն այդ սեպը խրել»,-ասաց Միրզոյանը: