Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախագահը ԵՄ զեկույցն «անպետք թղթի կտոր» է անվանել
Սեպտեմբերի 2-ին 2019-2020 «Դատական տարվա» բացման արարողության ժամանակ ելույթ ունենալիս Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախագահ Իսմայիլ Ռյուշթյու Ջիրիթը Եվրոպական Միության զեկույցն «անպետք թղթի կտոր» է համարել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի վճռաբեկ դատարանի նախագահ Ջիրիթին բարկացրել է ԵՄ զեկույցի այն հատվածը, որտեղ նշված է. «Դատավորների և դատախազների հաճախակի տեղափոխությունները բացասական են ազդել արդարադատության որակի վրա: Ընդհանուր առմամբ դատական որոշումների առնչությամբ առկա են լուրջ մտահոգություններ, մասնավորապես՝ ահաբեկչությանը վերաբերող գործերում»:
Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպության անդամ հանդիսանալը և ահաբեկչական կազմակերպության քարոզ իրականացնելը քրեորեն պատժելի արարքներ են համարվում: ԵՄ զեկույցում առկա մտահոգություններից է այդ գործերով դատական որոշումներում սուբյեկտիվ գործոնների հավանականության մեծ լինելու նախադրյալների առկայությունը:
Ըստ բաց աղբյուրներում առկա մեղադրական եզրակացությունների՝ տվյալ հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվում հիմնականում Քրդական բանվորական կուսակցության (PKK) առնչությամբ:
Հիշեցնենք, որ մասնավորապես 2019թ. մայիսի 29-ին հրապարակված Թուրքիայի վերաբերյալ ԵՄ զեկույցը խստորեն քննադատում է Թուրքիայի դատական համակարգը՝ այն որակելով նախնական վիճակում գտնվող՝ ըստ եվրոպական չափանիշների, և մտահոգություն հայտնում հետընթացի միտումների վերաբերյալ: Հարկ է նշել նաև, որ նշված զեկույցում մասնավորապես մտահոգություն է ներկայացվում Թուրքիայում դատական համակարգի անկախության և օբյեկտիվության առնչությամբ: