Ռազմարդյունաբերության ոլորտում 3-5 տարի հետո շոշափելի արդյունքներ կունենանք, կան զինատեսակներ, որոնց անհրաժեշտ ամբողջ ծավալը կապահովի մեր ռազմարդյունաբերությունը. Տ. Կարապետյան
Ամեն բան լավ անցնելու դեպքում, ռազմարդյունաբերության զարգացման շոշափելի, զգալի արդյունքներ կերևա 3-5 տարում։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը, որը նաև ռազմարդյունաբերական ընկերության բաժնետեր է։ Նրա կարծիքով՝ մինչ այս ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը չի կայացել թե՛ օրենսդրական խնդիրների, թե’ նախկին իշխանությունների կամքի բացակայության պատճառով։ Կարապետյանը նկատեց, որ այսօր խնդիրները կարգավորման ճանապարհին են, քանի որ նաև օրենսդրական դաշտում են փոփոխություններ լինում։
- Պարո՛ն Կարապետյան, այսօր ակտիվ քննարկվում ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացումը, սակայն գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ՀՀ-ից ուղեղների արտահոսք է եղել։ Արդյոք կա՞ համապատասխան մասնագիտական ներուժ ՀՀ-ում ռազմարդյունաբերություն զարգացնելու համար։
- Միանշանակ է, որ ուղեղների արտահոսք ՀՀ-ից վերջին տարիներին եղել է, բայց ոլորտում առկա է պոտենցիալ՝ և՛ մարդկային, և՛ մասնագիտական։ Կարծում եմ, որ այս ամենի պատճառով խնդիրներ կունենանք, բայց լուծելի են այդ խնդիրները։ Ռազմարդյունաբերությունն այն ոլորտն է, երբ ինչ-որ տեղ ինչ-որ երկրում սկսում զարգացումը, նաև տեղի է ունենում հակառակ պրոցեսը։ Բայց այս օրերին մենք բազմաթիվ զանգեր են ստանում նաև արտերկրում ապրող մեր հայրենակիցներից, որոնք պատրաստ են վերադառնալ, պատրաստ են նաև այնտեղից օգնել։ Այս առումով, կարծում եմ, մեծ խնդիրներ չենք ունենա։
- Հաշվի առնելով պետական ապարատի ցածր աշխատավարձերը՝ ի՞նչ հույսով եք ռազմարդյունաբերությունը բերում բարձր տեխնոլոգիաների նախարարության տիրույթ, լավ մասնագետը կաշխատի՞ ցածր աշխատավարձով:
- Ձեր հարցադրումն իրոք արդիական խնդրի մասին է, բայց մենք լուծումներ ենք որոնում։ Որպեսզի այդ խնդիրը լուծենք առաջարկել ենք, որ ռազմարդյունաբերությունն անջատվի Պաշտպանության նախարարությունից և մտնի բարձր տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ, որտեղ հիմնական ընկերությունները մասնավոր են։ Մասնավոր ընկերությունը ստանում է պատվեր՝ ենթադրենք Պաշտպանության նախարարությունից և սկսում է աշխատել, բայց դրան զուգահեռ ինքն ունի նաև մասնավոր պրոյեկտներ, որոնց վրա աշխատում է՝ ուղղում արտահանմանը կամ ներքին շուկային։ Սա օգնող հանգամանք է լինելու այն ընկերություններին, որոնք քաղաքացիական ոլորտում են աշխատում, իրենց համար ավելանում է ևս մի ոլորտ՝ ռազմականը, որը նույնպես բավականին ծավալ ունի աշխարհում և արտահանման մեծ ուղղվածություն ունի։
- Տեղում արտադրելու պարագայում էլ հումքը, միևնույն է, ներկրելու ենք։ Սա որքանո՞վ է
շահեկան դառնում։
- Ժամանակակից ռազմարդյունաբերությունն իր մեջ բազմաթիվ կոմպոնենտներ է պարունակում, և աշխարհում 1-2 երկիր է, որ ամբողջությամբ արտադրում են ռազմարդյունաբերության համար ամբողջ հումքը, օրինակ՝ ՌԴ-ն, իսկ մնացած երկրներն իրենց ռազմարդյունաբերությունը կառուցում են կոպերացիայի հիմունքների վրա։ Այս առումով մենք նույնպես խնդիր չենք ունենալու, բայց կան բազմաթիվ ճյուղեր ռազմարդյունաբերության մեջ, որոնց զարգացումը մոտակա ապագայում մենք չենք ունենալու և օգտագործելու են միջազգային փորձը, աշխատելու ենք դրսի գործընկերների հետ։ Համատեղ արտադրությունների գաղափարը, որն աշխարհում ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղություններից, կարող է լավ կիրառել: Այսօր էլ մեր երկրում կան արտադրատեսակներ, օրինակ՝ զրահաթիթեղները, որոնք ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում, կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի։
- Կկարողանանք արտադրանքի ծավալներն այն մակարդակի հասցնել, որ գոնե ՀՀ ներքին պահանջը բավարարենք։
- Կան զինատեսակներ, որոնք մեր բանակին անհրաժեշտ ամբողջ ծավալը կապահովի մեր ռազմարդյունաբերության կողմից, սակայն ինչպես ներկրումներ են ունեցել ենք, կշարունակենք ունենալ։ Այստեղ կարևոր են մոտեցումներն ու կառուցվածքը, պետք է ռազմարդյունաբերության ոլորտը մաքսիմալ զերծ պահել խոչընդոտներից՝ փորձելով այն զարգացնել։
- Ռազմարդյունաբերությունը ՀՀ-ում չի զարգացել ի՞նչ խոչընդոտների պատճառով՝օրենսդրակա՞ն, թե՞ նախկին իշխանությունների կամքի բացակայության։
- Հավատացեք՝ և, և, քանի որ ձեր ասած 2 խոչընդոտներն էլ եղել են ոլորտում։ Ինձ համար ամենամած խոչընդոտը ոլորտում՝ որպես ոլորտի մարդ, ասել եմ ու հիմա էլ պնդում եմ այն է, որ ոլորտն ամբողջությամբ չպետք է վերահսկվի ՊՆ-ի կողմից։ Դրա համար հիմա օրենքը փոփոխվում է, այսինքն՝ ռազմարդյունաբերությունը հանում ենք ՊՆ ենթակայության տակից ու որոշակի անկախություն ենք տալիս։
- Եթե ամեն բան գնա պլանավորվածին համապատասխան, որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ հայտարարենք՝ ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը կայացել է։
- ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը սկսեց ավելի մեծ թափով զարգանալ, երբ Դավիթ Փախչանյանը նշանակվեց պաշպանության փոխնախարար՝ 2016 թ․-ի ապրիլյան իրադարձություններից հետո։ Սա առաջին քայլն էր, մենք մեկնարկը տվել ենք, բայց ամեն բան լավ անցնելու դեպքում, շոշափելի, զգալի արդյունքներ կերևա 3-5 տարում։