«Դա ասես սարսափ ֆիլմից դրվագ լիներ». տնային պայմաններում մազերը գունաթափելու ժամանակ ամերիկուհու երկար վարսերը «հալվել» են (լուսանկարներ)
ԱՄՆ Դակոտա նահանգի 19-ամյա բնակչուհին ցանկացել է տնային պայմաններում վարսերը գունաթափել, սակայն ինչ-որ բան այն չի ընթացել, և աղջիկը զրկվել է երբեմնի երկար ու առողջ վարսերի մեծ մասից, գրում է Mirror պարբերականը:
Ջոուզի Լարոն, ձանձրանալով իր վարսերի մուգ գույնից, ցանկացել է շիկահեր դառնալ և այդ նպատակով տնային պայմաններում մազերը գունաթափելու փորձ է արել:
Գունաթափման մածուկը վարսերին քսելուց մոտ 20 րոպե անց աղջիկը գլխամաշկի ուժեղ այրոց է զգացել և վազել է լոգարան՝ մածուկը մազերից մաքրելու, սակայն շուտով սարսափով նկատել է, որ մազերը թափվում են: Րոպեներ անց աղջկա մազերի մեծ մասը «հալվել-թափվել» է, և մնացել են միայն անհավասար, վնասված մազափնջեր:
«Ես մատներս սահեցնում էի մազերիս միջով, և դրանք անընդհատ թափվում էին: Ես սկսեցի բղավել: Դա շատ ահավոր էր ինձ համար, ասես սարսափ ֆիլմից դրվագ լիներ»,- պատմել է Ջոուզին:
Աղջիկը հայտնել է, որ նախկինում ևս տնային պայմաններում մազերի ինքնուրույն գունաթափում է իրականացրել, սակայն երբեք որևէ խնդիր չի առաջացել, և ինքը պատկերացում չունի, թե ինչն է նման մազաթափության պատճառ դարձել:
«Ես միշտ շատ երկար ու առողջ մազեր եմ ունեցել, և շատ էի հպարտանում դրանցով»,- խոստովանել է ամերիկուհին:
Ջոուզին 3 օր ընկճված է եղել և տնից դուրս չի եկել, սակայն ի վերջո քաջություն է գտել վիրտուալ հարթակում խնդրի մասին բարձրաձայնելու՝ հուսալով, որ որևէ մասնագետ կարող է օգնել իրեն:
Շատ չանցած մի վարսահարդար կապ է հաստատել աղջկա հետ: Հինգ ժամ տևած աշխատանքից հետո վարսահարդարին հաջողվել է հնարավորինս կարգի բերել Ջոուզիի մազերը, իսկ վերջինս շատ գոհ է մնացել արդյունքից:
«Ես հավերժ երախտապարտ եմ իմ վարսահարդարին: Արդյունքը հոյակապ է: Այժմ ուղղակի կսպասեմ, մինչև մազերս նորից աճեն»,- ասել է աղջիկը՝ հավելելով, որ երդվել է այլևս երբեք վարսերը չգունաթափել: