«Իսրայելը վախենում է Հայաստանում իրանական ազդեցության ուժեղացումից, սակայն զենք է վաճառում Բաքվին». «Независимая Газета»
Ռուսական «Независимая Газета» պարբերականի «Независимое военное обозрение» բաժնում հրապարակվել է հոդված, որում խոսվում է Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության և երկրների մերձեցմանը Հայաստանի արձագանքի մասին:
Հոդվածում մասնավորապես խոսվում է վերջին տարիներին Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի մասին՝ «Բարակ-8» զենիթահրթիռային համալիրներից և «CARDOM» ինքնագնաց ականանետներից մինչև EL/M-2080 «Գրին Փայն» հակահրթիռային ռադիոտեղորոշման համակարգեր և «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգեր:
«Այսօրվա դրությամբ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում որակվում են որպես գործակցային՝ և՛ մարտավարական, և՛ ռազմավարական տեսանկյունից, և, չնայած ներկայում համագործակցության մակարդակը շատ բարձր է, այդ ոլորտներում երկկողմ հարաբերությունները, այնուամենայնիվ, դաշնակցայինի չեն վերածվել»,- գրում է հոդվածի իսրայելցի հեղինակ, քիմիական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Զահար Գելմանը:
Նշվում է, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի համար որոշակի վտանգ է ներկայացնում, սակայն Իսրայելի պաշտոնական իշխանություները շարունակում են հայտարարել, թե իրենց զենքն ուղղված չէ Հայաստանի դեմ:
Միևնույն ժամանակ հոդվածագիրը նշում է, որ Իսրայելը վախենում է Հայաստանում իրանական ազդեցության ուժեղացումից՝ չնայած Երևանի և Թեհրանի միջև ռազմական ոլորտում լուրջ համագործակցության բացակայությանը, և ուշադիր հետևում է իրավիճակին:
Հոդվածի հեղինակն ուշադրություն է դարձնում նաև այն փաստին, որ մինչ օրս Ադրբեջանն այդպես էլ Իսրայելում դեսպանատուն չի բացել, իսկ Հայաստանում վերջին շրջանում հայտարարում են հրեական պետությունում դիվանագիտական ներկայացուցչության բացման մտադրությունների մասին: