«Հայկական արտադրանքի և ընտիր որակի միջև հավասարության նշան կա». ռուս ագրարագետ
Ռուսաստանի ագրարային լրագրողների ասոցիացիայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Իգոր Աբակումովը «ՌուսԱրմԻնֆո»-ի հետ զրույցում նշել է, որ հայկական գյուղմթերքը պահանջված է Ռուսաստանում և իր առանձնահատուկ տեղն ունի անսահմանափակ ռուսական շուկայում:
Նա ընդգծել է, որ հայկական գյուղմթերքը, ըմպելիքը, միրգ-բանջարեղենը, հյութերը և հատկապես գինին հաճույքով կգնվեն և կսպառվեն ռուսական շուկայում:
«ԽՍՀՄ տարիներից ի վեր հայկական մթերքի և ընտիր որակի միջև հավասարության նշան կա»,-ասել է զրուցակիցը:
Լրատվամիջոցը նշում է, որ նախորդ տարի Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանման ծավալը հասել է 689 մլն դոլարի, ինչը 20,7%-ով ավելի է 2017թ. ցուցանիշից ու ԵԱՏՄ շրջանակում ամենաբարձր ցուցանիշն է: Հայկական արտադրանքի արտահանման խոշորագույն մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: Անցած տարի էականորեն ավելացել է դեպի Ռուսաստան հայկական գյուղատնտեսական և տեքստիլային արտադրանքի արտահանման ծավալը: