Աննա Հակոբյանի գրասենյակը պարզաբանում է՝ ինչու Դավոսի տնտեսական ֆորումի պաշտոնական կայքում ներկայացված հրավիրվածների ցուցակում չկա նրա անունը
Օրերս Politik.am կայքը հրապարակել էր նյութ՝ պնդելով՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնական հրավեր չի ստացել Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից:
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պաշտոնական հրավեր է ստացել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից, ուղեկցել է ամուսնուն ֆորումի շրջանակում, սակայն ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով` չի կարողացել մասնակցել:
Politik.am-ի հրապարակման համար հիմք է հանդիսացել այն, որ Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս ճշտելու՝ որ երկրից քանի հոգի է հրավիրված եղել ֆորումին, նրանցից քանիսն են կին, քանիսը՝ տղամարդ: Ըստ ֆորումի կայքի՝ Հայաստանից հրավիրված է եղել մեկ անձ՝ արական սեռի։ Այսինքն՝ այս պարագայում խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Աննա Հակոբյանը պաշտոնապես հրավիրված չի եղել Շվեյցարիա:
Հարցի առնչությամբ պարզաբանում ստանալու համար՝ Tert.am-ը հարցում էր ուղարկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակ՝ պարզելու՝ ինչպե՞ս է ստացվել, որ ֆորումի պաշտոնական կայքում Հայաստանից հրավիրվածների ցանկում միայն Նիկոլ Փաշինյանն է, մինչդեռ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ ֆորումի կազմակերպիչները պաշտոնապես հրավիրել են նաև իրեն:
Աննա Հակոբյանի գրասենյակի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ վարչապետը ստացել էր Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահի հրավերը՝ մասնակցելու Դավոսում կայանալիք ամենամյա համաժողովին: Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահի անունից պետությունների ու կառավարությունների ղեկավարներին և այլ բարձրաստիճան անձանց հղված հրավերները վերաբերում են նաև հրավիրվող անձի տիկնոջը (ամուսնուն): Այդպիսին են այդ համաժողովի կազմակերպման կանոնները: Այցից առաջ վարչապետի աշխատակազմը հրավերի մասին ստացել էր լրացուցիչ հավաստիացում կազմակերպիչներից»: