ԱՄՆ-ում ավարտվել է 2016թ. նախագահական ընտրություններին Մոսկվայի հավանական միջամտության գործով հետաքննությունը
Միացյալ Նահանգներում ավարտվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած հետաքննությունը, որը վերաբերում էր 2016թ. կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը:
Ինչպես նշում է The Guardian-ը, հետաքննությունը տևել է երկու տարի: Այն սկսվել էր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո, երբ լուրջ կասկածներ էին հայտնվել առ այն, որ Կրեմլի միջամտությունը նպաստել է Թրամփի հաղթանակին:
Հայտնի է, որ Մյուլերը բոլոր նյութերն արդեն փոխանցել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին: Սակայն զեկույցի բովանդակությունը պահվում է խիստ գաղտնի կնիքի ներքո:
Նախագահի վարչակազմից հայտնել են, որ իրենց թույլ չեն տվել ծանոթանալ նյութերի բովանդակությանը, մինչդեռ դեմոկրատները պահանջում են հրապարակել հետաքննության արդյունքները:
Գլխավոր դատախազն իր հերթին հայտարարել է, որ պետք է ուսումնասիրի զեկույցն ու հետո նոր ինչ-որ քայլեր ձեռնարկի:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս հերքել էր ռուսական միջամտության հավանակությունը՝ Մյուլերին կոչ անելով դադարեցնել «ամոթալի» հետաքննությունը: Պաշտոնական Մոսկվան ևս հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի 2016թ. ընտրությունների հետ: