2019 թ. հունվարին ֆիզիկական անձինք ՌԴ-ից դեպի ՀՀ ավելի քիչ գումար են ուղարկել, քան Հայաստանից դեպի Ռուսաստան
ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած փոխանցումները 2019 թ.–ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 24.4 մլն դոլարով կամ 25.8 %-ով:
2019թ.-ի հաշվետու ամսվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով արտասահմանից ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) կողմից փոխանցված բոլոր միջոցների (անկախ դրանց բնույթից) ծավալը կազմել է 119 մլն դոլար, այդ թվում՝ 50,7 մլն բաժին է ընկել Ռուսաստանից փոխանցումներին։ Այդ երկրից մասնավոր փոխանցումների ծավալը 2018թ.-ի հունվարի համեմատ կրճատվել է 2.1%-ով, իսկ ԱՄՆ-ից մասնավոր փոխանցումների ծավալն աճել է 32,6%-ով։
Ուշագրավ է, որ այս տարվա հունվարին Հայաստանից դեպի Ռուսաստան կատարած մասնավոր փոխանցումների ծավալն անցած տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 1.9 անգամ և կազմել է 54.5 մլն դոլար։ Արդյունքում, զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությանը) եղել է բացասական՝ -3.8 մլն դոլար, ինչը նշանակում է, որ ֆիզիկական անձինք Ռուսաստանից դեպի Հայաստան ավելի քիչ գումար են ուղարկել, քան Հայաստանից դեպի Ռուսաստան։
Ի դեպ, Հայաստանի ԿԲ-ի վիճակագրական տվյալներից երևում, է որ 2004թ.-ից այս կողմ սա եզակի դեպք է, երբ Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցվող գումարների ծավալը զիջում է հակառակ ուղղությամբ փոխանցված ծավալին։
Ի դեպ, 2018թ.-ին ընդհանուր առմամբ Ռուսաստանից դեպի Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների ծավալը ևս կրճատվել էր 1.4%-ով, այն դեպքում, երբ դեպի Հայաստան ընդհանուր մասնավոր փոխանցումների ծավալն աճել էր 1.7%-ով։