Գերմանացի զբոսաշրջիկն իր ջինսե տաբատի շնորհիվ փրկվել է բաց ծովում խեղդվելուց
Գերմանացի զբոսաշրջիկը փրկվել է բաց ծովում շնորհիվ իր ջինսե տաբատի, որը նրա համար փոխարինել է փրկարարական բաճկոնի, այս մասին հաղորդում է Fox News-ը:
Արնե Մարքլն իր եղբոր հետ նավարկում էր Նոր Զելանդիայից դեպի Բրազիլիա, երբ անզգուշության հետևանքով պատահաբար հայտնվել է զբոսանավից դուրս:
Նրա եղբայրը միանգամից փրկարարական ժիլետ է նետել ծովը, սակայն ալիքները թույլ չեն տվել գերմանացուն հասնել դրան: Դրանից հետո Մարքլը որոշել է օգտվել իր իսկ ջինսե տաբատից՝ պատռելով այն և երկու ծայրերը կապելուց հետո ուռճացնել դրանք ներս փչելով:
«Ստացվեց իմպրովիզացված փրկարարական բաճկոն»,- հիշում է հնարամտության շնորհիվ փրկված զբոսաշրջիկը, որը բաց ծովում է մնացել ավելի քան 4 ժամ: Ի վերջո նրան նկատել է փրկարարական ուղղաթիռ, որն էլ դուրս է բերել տղամարդուն ջրից: