Ըստ մշակվող օրինագծի՝ եթե սեփականատերը չի մշակում հողը, չենք զրկելու սեփականությունից, բայց պարտադրված է այն տալ վարձակալությամբ. Գեղամ Գևորգյան
Կարծում եմ, որ դա շատ սուբյեկտիվ է ներկայացվում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե պետությունը գյուղացուն թողնում է մենակ և վառելանյութ, դիզել, պարարտանյութ չի սուբսիդավորում:
«Կարծում եմ, որ դա շատ սուբյեկտիվ է ներկայացվում, քանի որ այդ ծրագրերն արդեն նախկին կառավարությունը չէր անում 2017 թվականից հետո»,-ասաց նա և ներկայացրեց, թե ինչու չեն իրականացնում այդ ծրագրերը: «Իրականում մեծ գումար է ծախսվում, և մեկ տնտեսության հաշվարկով շատ չնչին օգնություն է տրամադրվում, որն էական նշանակություն չի կարող ունենալ հողի մշակման հարցում:
Մեկ հեկտար հողի համար այդ ծրագրերը տվել են միջինը 15 հազար դրամի օգուտ, որը մեծ օժանդակություն չէ, և 15 հազար դրամ տալով գուցե բացասական ազդեցություն ենք թողնում, քանի որ մնացած միջոցառումների համար էլ է գումար անհրաժեշտ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե փաստորեն ստացվում է՝ եթե մեծ օգնություն չէ, ուրեմն չպետք է ընդհանրապես դա էլ տալ, Գեղամ Գևորգյանը արձագանքեց. «Մենք այդպես չենք ասում, մենք ասում ենք՝ կոնկրետ այդ ծրագիրը չենք անում, բացի այդ երբ կտրտված ծրագրեր ենք անում, պետությունը վարչարարության վրա էլ է գումար ծախսում, հիմա ստացվում է՝ 15 հազար դրամ օգուտ տալու համար բավականին գումար է ծախսվում: Մենք փոխարենն ասում ենք, որ այդ միջոցառումների համար տալիս ենք շատ էժան վարկ, որը հնարավորություն է տալիս կոմպլեքս լուծել խնդիրները և զբաղվել գյուղատնտեսությամբ, ոչ թե գնալ կնունք, հարսանիք անել»:
Հարցին, թե դա թանկ չի՞ ստացվում գյուղացու համար, առավել ևս շատ գյուղացիներ արդեն վարկավորված են, նա պատասխանեց, որ ճիշտ հակառակը՝ ավելի էժան է լինում: «Մենք ասում ենք շուկան ազատականացնել և այսօր տեսնում ենք, որ գները նվազել են, և պարզվում է առանց պետության միջամտության նույն պարարտանյութն ավելի մատչելի գնով է ձեռք բերվում, նույնը՝ վառելանյութը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ջրի ոռոգման խնդրին և մասնավորապես կառավարության ծրագրի այն դրույթին, որ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, ինչպես էլեկտրամատակարարումն է տարածված և հասանելի, և հարցին, թե որքան գումար է դրա համար պետք, որքանով է իրատեսական` հաշվի առնելով այսօրվա ոռոգման ջրի խնդիրները, նախարարի Գ. Գևորգյանը նշեց. «Ջրի խնդիրը, կարծում եմ, որ ամենաէական խնդիրն է, ու կարծում եմ, որ հույսը չպետք է դնել, որ լավանալու է վիճակը բնակլիմայական պայմանների տեսակետից, և պետք է մեր քայլերն անենք»:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ հանձնարարական կա ջրային համակարգի խնդրի վերաբերյալ: «Կան ջրի կորուստների, ջրի հասանելիության ցանցի խնդիրներ, մինչև աշուն, կարծում ենք, կունենանք կոմպլեքս ռազմավարություն: Հիմա աշխատանքներ են կատարվում, որ թվային ցուցանիշներ ունենանք, իհարկե մեծ գումարների և ծավալների մասին է խոսքը, բայց չկան խնդիրներ, որ անլուծելի են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է անմշակ հողերը կրճատելուն, ապա գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարողն ասաց, որ այս առումով այս պահին կոմպլեքս լուծում են առաջարկում: «Օրենքի նախագիծ ենք մշակում, որի գաղափարն այն է, որ եթե չեք մշակում հողը, ձեզ չենք զրկում սեփականության իրավունքից, բայց պարտադրված եք տալ վարձակալությամբ. կարծում եմ, որ աճուրդի գաղափարը կդրվի:
Հողը հանրային արժեք է, և դրա չմշակումը բերում է որակական հատկանիշների վատացման, եթե դուք տուն ունեք, ձեր խնդիրն է, կարող եք չապրել այնտեղ, բայց հողի դեպքում, կարծում եմ, ՀՀ-ի համար այսքան անմշակ հող ունենալն անթույլատրելի է: Բայց դա շատ զգայուն օրենք է, քանի որ գործ ունենք մարդկանց սեփականության հետ և պետք է շատ զգույշ լինենք: Պարզապես խնդիր կա, որ բազմաթիվ սեփականատեր այսօր Հայաստանում չեն, կա նաև տենդենց, որ առանց փաստաթղթավորման է, և հիմա մենք առանց լրացուցիչ ծախսերի հնարավորություն ենք տալիս փաստաթղթավորել և օգտվել պետական աջակցության ծրագրերից»,-ասաց նա: