Համայնքում մի մեծ զանգված չի ցանկանում Աթեշյանին տեսնել պատրիարքի աթոռին՝ հաշվի առնելով, որ նա պետության կողմից է նշանակված. թուրքագետ
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահով կլուծվեն այն խնդիրները, որոնք կապված էին պատրիարքի ընտրությունների հետ: Նա նման դիտարկում արեց՝ խոսելով Պոլսո պատրիարքի մահվանից հետո՝ պոլսո պատրիարքական ընտրությունների հետ կապված հնարավոր գործընթացների մասին:
«Մինչ այս ընտրությունների հետ կապված համայնքում տարաձայնություններ կային․ մի մասը կարծում էր, որ պետք է պահպանել Սահմանադրությունը, մինչև պատրիարքը չմահանար, նոր պատրիարք չընդունեին: Դրան կողմ էր նաև Թուրքիայի կառավարությունը, քանի որ իրենց կողմից նշանակված պատրիարքի փոխանորդի՝ Արամ Աթեշյանի միջոցով կարողանում էին իրենց ուզածն անել: Հիմա պատրիարքը մահացել է: Աստված նրա հոգին լուսավորի, բայց բոլոր խնդիրները, որ կային, հիմա տրամաբանորեն լուծված են համարվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում 63 տարեկանում կյանքից հեռացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Պատրիարքը մահացել է Եդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Նա 9 տարի կոմայի մեջ էր գտնվում: Մութաֆյանի պարտականությունները կատարում է պատրիարքի փոխանորդ, պետության կողմից նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին նոր ընտրությունների անցկացման որոշում կայացնել՝ ցանկանալով իրենց հոգևոր առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ հիմա արդեն պատրիարքական ընտրությունների նախապատրաստական գործընթացն ընթանալու է իր բնականոն հունով: «Կազմելու են հանձնաժողով, առաջադրվելու են թեկնածուներ, և ընտրություններ են տեղի ունենալու: Հնարավոր է՝ համայնքում լինի լարվածություն, բայց դա կապված է լինելու զուտ ընտրական գործընթացի հետ, ինչպես դա կլիներ 10-20 տարի առաջ կամ հետո»,- ասաց նա:
Թուրքագետի նկատառմամբ՝ համայնքը խնդիրներ ընտրություններին չի առաջացնի: Այս համատեքստում հիշատակեց, որ երբ Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանի հետ կապված խնդիրներ առաջացան, համայնքը հանգստություն դրսևորեց:
«Նա էլ հանգիստ հետ քաշվեց՝ ի բարօրություն Պոլսո պատրիարքարանի, որպեսզի թուրքական հասարակության կամ թուրքական մեդիայի «հերոս» չդառնա պատրիարքարանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հնարավոր ընտրությանը, նա նշեց, որ ինքը բազմիցս ներկա է եղել նրա պատարագներին և նկատել է, որ համայնքը ներկա է լինում դրանց, լսում է, հաղորդություն է ստանում: «Բայց ամեն դեպքում կա համայնքում մեծ զանգված, որ չի ցանկանում Աթեշյանին տեսնել պատրիարքի աթոռին՝ հաշվի առնելով, որ նա պետության կողմից է նշանակված: Դա մարդկանց դուր չի գալիս»,- ասաց նա:
Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ մի բան էլ պետք է հաշվի առնել, որ պատրիարքի ընտրություններից հետո դեռ թուրքական կառավարությունն էլ պետք է հավանություն տա և հաստատի ընտրված թեկնածուին:
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Պոլսո պատրիարքը, պետք է համագործակցի՞ Թուրքիայի իշխանությունների հետ, Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ դա չանելն անիրատեսական է թվում:
«Սակայն կարելի է դրանով հանդերձ՝ հայ համայնքի համար շատ կարևոր գործեր անել, ինչպես արել են նախորդ պատրիարքները: Պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի հայ համայնքը չունի քաղաքական առաջնորդներ, համայնքի ղեկավար, ինչը շատ ցավալի է: Եթե նախկինում երջանկահիշատակ Հրանտ Դինքն էր այդ գործը անում՝ իր «Ակոս» շաբաթաթերթով, իր անձնական նախաձեռնությամբ, ներկայում նման ֆիգուր չկա։
Իհարկե, վերջին շրջանում «ծագած աստղը» Կարո Փայլանն է, սակայն նա էլ չի ընդունվում Թուրքիայի իշխանությունների կողմից, քանի որ ընդդիմադիր քրդական կուսակցության անդամ է: Դրա համար պետք է, որ այդ գործառույթն իրականացնի պատրիարքը, ով նաև կհամագործակցի Թուրքիայի իշխանությունների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ համայնքը պատրիարքը ընտրելիս հաշվի է առնելու, որ նա լինի ոչ միայն հոգևոր, այլ նաև աշխարհիկ կյանքում իրենց մասին հոգ տանողը, իրենց մասին մտածողը: