Եթե Ադրբեջանը մերժի Արցախի՝ բանակցային սեղան վերադարձը, ՀՀ-ն և ԼՂՀ-ն ազատ կլինեն այս ուղղությամբ իրենց քայլերում. Ա. Մելիքյան (տեսանյութ)
Արցախի՝ բանակցությունների սեղան վերադարձն ադրբեջանական կողմի ուղղակի մերժումից հետո այլևս Հայաստանը, Արցախը ազատ կլինեն ինքնուրույն որոշելու՝ ինչպես կարող են այս նպատակին հասնել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Եթե Ադրբեջանը չհամաձայնի, ապա հարցը այլևս կմնա Հայաստանի և Արցախի վրա, որովհետև այս մերժումից հետո թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտն այլևս հնարավորություն կունենան ինքնուրույն առաջ շարժվել և ձեռնարկել այն քայլերը, որոնք անհրաժեշտ կհամարեն Արցախը բանակցային սեղանի մոտ բերելու համար»,- ասաց նա:
Արման Մելիքյանի կարծիքով՝ միանգամայն հնարավոր է Արցախին բանակցային սեղան վերադարձնելու նպատակին հասնել այս ուղղությամբ հետևողական ջանքեր գործադրելու պարագայում: «Ամենակարևորն այն է, որ այս նպատակն արդեն հռչակված է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս նպատակի շուրջ պաշտոնապես բանակցի Իլհամ Ալիևի հետ: Անկախ նրանից, թե ադրբեջանական կողմն ինչ կասի, միևնույն է, սա այն նպատակն է, որից հրաժարվել չենք կարող և չպետք է հրաժարվենք»,- նշեց Արցախի նախկին արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ Արցախի վերադարձը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քննարկման խնդիր է, ըստ որի էլ՝ եվրոպացիներն իրենց վերաբերմունքը կարտահայտեն: «Մենք կարող ենք և պարտավոր ենք ռազմական գործողություններին պատրաստ լինել, բայց ամեն ինչ ի հայտ կգա արդեն, երբ կայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը: Եթե այնտեղ մոտեցումների, կարծիքների բախում տեղի ունենա, ապա չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը կվերսկսի իր ագրեսիվ գործողությունները ճակատային գծի ողջ երկայնքով և անգամ Հայաստանի սահմաններին»,- ասաց նա:
Արման Մելիքյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պետք է արդեն պաշտոնապես հնչեցնի Արցախը բանակցային սեղանի մոտ բերելու առաջարկը: «Կարծում եմ, որ պաշտոնական Բաքուն կա՛մ ժամանակ կվերցնի պատասխանը պատրաստելու համար, կա՛մ տեղում կմերժի:
Դրանից հետո արդեն գործողությունների ժամանակը կգա՝ առաջին դեպքում կառուցողական գործողություններ կլինեն երկուստեք, երկրորդ դեպքում՝ Հայաստանն ու Արցախն իրենց ծրագիրը պետք է գործի գցեն, եթե այդպիսին կա, իսկ Ադրբեջանը դրան համառորեն կդիմադրի»,- նշեց դիվանագետը:
Արցախի նախկին արտգործնախարարը համամիտ է այն կարծիքների հետ, որ Հայաստանը պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից. «Ճիշտ է, անհրաժեշտ է անցումային փուլ, ես տեսնում եմ, թե ինչպես հնարավոր կլինի առայժմ բանակցել նախկին ձևաչափի շրջանակներում շատ կարճ ժամանակ, այնուհետև սեփական ծրագրերը գործի դնել, որոնք նաև էապես կազդեն մինչ այժմ ձևավորված բացասական և անպտուղ մթնոլորտի վրա: Բայց սա արդեն ՀՀ գործադիր իշխանության խնդիրն է»: