Փաշինյանի հետ Բրյուսել մեկնելու վերաբերյալ Աննա Հակոբյանի պարզաբանումները կենցաղային բնույթի էին․ PR մասնագետ
Այն պատասխանները, որոնք հանրային ՀԸ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում տվեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կենցաղային բնույթի էին։ Ես չեմ կարծում, որ նա պետք է այդ պարզաբանումները ներկայացներ։
Ինձ համար համոզիչ չէին նաև նրա պատասխանները։ Tert.am-ի հետ զրույցում ասաց PR մասնագետ Աստղիկ Ավետիսյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ Առաջին ալիքի եթերում ներկայացրած պարզաբանումներին։ Նրա խոսքով՝ Աննա Հակոբյանի հաշվետվողականության կարիքը չէր լինի, եթե նրա գրասենյակը հավուր պատշաճի աշխատեր։
«Հաշվի առնելով, որ նա վարչապետի կինն է, իր յուրաքանչյուր քայլը հանրության ուշադրության կենտրոնում է, եթե նրա յուրաքանչյուր այցից առաջ հաղորդագրություն տարածվեր լրատվամիջոցներով կամ իրենց կայքում տեղադրվեր, որ այս այցի շրջանակում վարչապետին ուղեկցելու է նաև նրա տիկինը, ամբողջ հարցը կլուծվեր, և հոդվածների, քննարկումների, բանավեճերի, հարցազրույցների կարիք չէր լինի,»,-ասաց Ա․ Ավետիսյանը։
PR մասնագետը շեշտում է՝ Հայաստանում պաշտոնատար անձինք պետք է հասկանան, որ պետական ինստիտուտների նկատմամբ վերաբերմունք ձևավորողները նաև իրենց աշխատակազմում գտնվող մարդիկ են, ովքեր պետք է ունենան համապատասխան հմտություններ։
«Այսօրվա իշխանություններն ընտրել են ուղիղ եթերների միջոցով հաղորդակցումը, որն, ըստ էության, միակողմանի է։ Տալիս են տեղեկատվություն, բայց չեն պատասխանում հարցերին։ Ընտրվում են մամուլից համապատասխան հարցադրումներ, ուղիղ եթերների միջոցով տրվում են դրանց պատասխանները»,-նկատեց նա։
Աստղիկ Ավետիսյանը նշում է՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Աննա Հակոբյանը, պայմանավորված իրենց կարգավիճակով, պետք է լրագրողների հարցերին պատասխանեն պաշտոնին համապատասխան, որպեսզի նմանատիպ խնդիրներ հետագայում չծագեն։
Անդրադառնալով Բրյուսել այցին հաջորդած Աննա Հակոբյանի՝ լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի մասին հոդվածներին՝ Աստղիկ Ավետիսյանը շեշտեց․ «Ես կարծում եմ՝ Աննա Հակոբյանը նման հոդված չպետք է գրեր, որովհետև ինքն այդ ամենի միջով անցել է։ Մենք շատ լավ գիտենք՝ անկախությունից հետո ձևավորված լրատվամիջոցներից որն ում է պատկանում, ինչ քաղաքականություն է վարում»։