Տարվա մնացած օրերին կանանց խնդիրները, կարծես, մոռացվում են, և այս մի օրը ինչ-որ ֆոկուս խմբեր են ստեղծվում, քննարկում. Նաիրա Զոհրաբյան
Ես մարտի 8-ը չեմ սիրում, քանի որ մեր մենթալիտետում կանանց հանդեպ դիսկրիմինացիայի օր է: Այս մասին այսօր Ազգային ժողովում օրենսդիր մարմնի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ կայացած «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը հայտարարեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Տարվա 364 օրը կանանց խնդիրները, կարծես, մոռացվում են և այս մի օրը ինչ-որ ֆոկուս խմբեր են ստեղծվում` քննարկումներ, լսումներ, խնդիրների մասին է խոսվում: Ես շատ լավ հասկանում եմ, թե մեր երկրում որքան շատ են կանանց, երեխաների խնդիրները, և դրանք լուծելը շատ դեպքերում որքան դժվար է»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը պատմեց, որ նախորդ օրն իր մոտ եկել էր մի կին, որի վրա ամուսինը տարիներ շարունակ հանգցնում էր ծխախոտ, և այդ կինը պատրաստ էր հանձնաժողովում բաց քննարկման ժամանակ խոսել այդ մասին: «Ինձ զանգահարեց այդ կնոջ մայրը, ոչ թե սկեսուրը, այլ մայրը և ասաց` չհամարձակվեք այդպիսի բան անել, դա իրենց ներքին գործն է»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրեն ընտանիքը չի խանգարել քաղաքականությամբ զբաղվել: «Եթե կինն ընտանիքում երջանիկ չէ, եթե ընտանիքում չկա այդ ներդաշնակություն, ապա ես չեմ հավատում, որ այդ կինը կարող է դառնալ լավ քաղաքական գործիչ, լավ կոնֆետ արտադրող»,-ասաց նա:
Պատգամավորը կարևորեց կարծրատիպերը կոտրելը և երեք հիմնական բան մատնանշեց կանանց համար` չվախենալ, չնախանձել և չափսոսալ` չքչփորել անցյալը:
«Մենք պետք է կարողանանք խնդիրները նաև մեր մեջ տեսնել, ամեն մեկս այն լիդերները, կանայք դառնանք, որ կարող են մթնոլորտ փոխել: Եթե կինը չունի ինքնագնահատական, ապա հազար օրենք էլ ընդունենք, հազար այսպիսի լսում, քննարկում էլ կազմակերպենք, միևնույն է՝ ռեալ իրականության մեջ չենք կարողանալու փոխել: Պետք է ուղղել մեջքը, բոլորին ասել՝ աղջի՛կ ջան, ուշքի արի, ժպտա և գնա առաջ»,-ասաց նա: