44-ի փոխարեն 39. Ուկրաինայում նախագահի 5 թեկնածու որոշել է ժամանակից շուտ լքել մրցապայքարը
Ուկրաինայի նախագահի 5 թեկնածու որոշել է օգտվել սահմանված ժամկետում թեկնածությունը չեղարկելու հնարավորությունից ու դուրս է եկել մրցապայքարից, այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
Այսպիսով՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների գրանցված մասնակիցների թիվը 39 է: Հայտնի է, որ թեկնածությունը չեղարկելու վերջնաժամկետը մարտի 7-ն էր:
Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել Դմիտրի Գնապի, Դմիտրի Դոբրոդոմովի և Եվգենի Մուրաևի թեկնածությունների չեղարկման մասին: Ավելի վաղ չեղարկվել էին նաև Անդրեյ Սադովիի և Սերգեյ Կրիվոնոսի թեկնածությունները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները սպասվում են մարտի 31-ին: Ըստ նախնական հարցումների՝ նախագահական մրցապայքարը գլխավորում է ուկրաինացի հայտնի շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին՝ առաջ անցնելով գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից ու ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյից: