Պուտինի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է. հարցում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ժողովրդի տածած վստահության վարկանիշը Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի՝ 2006թ.-ից ի վեր արված հարցումների պատմության մեջ ամենացածր նիշին է հասել, ասված է կենտրոնի կայքում: Վերջին տվյալների համաձայն՝ նախագահի վարկանիշը 32% է կազմում:
Փետրվարի 20-ին՝ Դաշնային ժողովին Պուտինի ուղերձից մեկ շաբաթ առաջ, նրա նկատմամբ վստահության վարկանիշը 32,8% է եղել, իսկ ուղերձից մեկ շաբաթ անց՝ 32%:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահն ուղերձը կհղի մարտին, սակայն դա արվել է ավելի վաղ: «Ведомости» պարբերականը չէր բացառել, որ նման քայլն ուղղված է եղել նախագահի վարկանիշի անկումը կանխելուն:
Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղերձը վերջին 6 տարիներին ամենաքիչ ժողովրդականությունն է վայելել: Մասնագետները դա կապում են 2018թ.-ին իրականացված բարեփոխումների անհաջող լինելու հետ: