Խոշոր հարկատուների ու ծխախոտի վաճառքով զբաղվողների հետ հանդիպում եղել է. Աննա Հակոբյանը՝ իր ղեկավարած հիմնադրամներին գումար փոխանցելու մասին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Հանրային» հեռուստաընկերության եթերում անդրադարձավ իր ղեկավարած հիմնադրամների գործունեությանն ու շրջանառվող լուրերին:
Աննա Հակոբյանն ասաց, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության վերաբերյալ ասուլիսի ժամանակ իրեն հարցրել են, թե Ինեսսա Գաբայանը գումար փոխանցել է հիմնադրամին, թե ոչ. «Ես տեղյակ չէի, նույնիսկ չգիտեի պաշտոնը, հիմա ճշտել եմ, որ նա փոխանցել է պարգևավճարը և դրանից 1 ամիս անց ազատվել է աշխատանքից»:
Դիտարկմանը, թե դա հարկային ինդուլգենցիա չէ՞, ինչպես նախկինում էր, որ գումար փոխանցեն, ու իրենց լավ նայեն, Աննա Հակոբյանն ասաց. «Բացարձակապես այդպես չէ: Հին իներցիան պարտադիր փորձում են պրոյեկտել, բայց այդպես չէ»:
Ինչ վերաբերում է խոշոր հարկատուների հետ հանդիպմանը, ապա Աննա Հակոբյանն ասաց, որ հանդիպում ունեցել է նրանց հետ. «Այդ հանդիպմանը հրավիրել ենք 38 ընկերության ներկայացուցչի, մասնակցել են 29-ը: 11-ը համաձայնել են մեր առաջարկին, 3-ը մերժել են, ասել են՝ հետաքրքրված չենք, 15-ը դեռ չեն պատասխանել: Ես առաջարկում էի իրենց, որ ՀՀ-ում ստեղծվի դասական ակադեմիական երաժշտության բարեկամների խումբ, և իրենք լինեն այդ խմբում, դա տարեկան որոշակի ֆինանսավորում էր ենթադրում, և դա քննարկում էր, իսկ իրենց անունները կլիներ, օրինակ՝ Ֆիլհարմոնիայի պատին, իսկ դա աշխարհում ընդունված երևույթ է»:
Աննա Հակոբյանն ասաց, որ մյուս աղմուկը ծխախոտի վաճառքի հետ կապված հարցն է, ըստ հրապարակումների՝ յուրաքանչյուր ծխախոտի տուփի վաճառքից 1 դրամ փոխանցվելու է հիմնադրամին, և որ հանդիպում է եղել ծխախոտի վաճառքով կամ արտադրությամբ զբաղվողների հետ:
«Այո, եղել է նման հանդիպում, և կրկին ես այստեղ գալուց առաջ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրենից ճշտել եմ, որ ունեցել ենք երեք ընկերություն, որը մասնակցել է այդ հանդիպմանը, մեկը հրաժարվել է մեր առաջարկությունից, երկրորդի պատասխանին դեռ սպասում ենք, երրորդը որոշել է սիմվոլիկ գումար հատկացնել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար»,-ասաց Աննա Հակոբյանը:
Նա նշեց, որ իրենք շարունակելու են լայն սպառում ունեցող ապրանքներ արտադրողների ու վաճառողների հետ բանակցել՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար գումար ստանալու նպատակով: