Բժիշկները հայտնել են ՄԻԱՎ-ից լիարժեք բուժման երրորդ հնարավոր դեպքի մասին
Օրեր առաջ Մեծ Բրիտանիայում ՄԻԱՎ-ից լիարժեք բուժված հիվանդի մասին լուրից հետո նմանատիպ դեպքի մասին հայտնել են Գերմանիայում մեկ այլ հիվանդի բուժող բժիշկները:
Ինչպես հաղորդում է New Scientist-ը, գիտնականների այս փորձը կարող է վարակի հնարավոր բուժման ճանապարհը ցույց տալ: Վարակն ազդում է իմունային համակարգի բջիջների վրա, որոնք արտադրվում են ոսկրածուծում: Նման վիրուսի բուժման առաջին դեպքը գրանցվել է 2007 թվականին, երբ գերմանացի հիվանդը լեյկեմիայի բուժում է ստացել, ինչի արդյունքում նրա ընդունած դեղերն ու ճառագայթումը, ինչպես նաև դոնորական բջիջների փոխպատվաստումը թույլ են տվել ձերբազատվել վարակից:
Երկրորդ նման դեպքի մասին հայտնի է դարձել երկուշաբթի: Լոնդոնցի հիվանդին նույնպես ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում է արվել, այնուհետև օգտագործվել են հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որից հետո նա մեկ տարվա կտրվածքով մշտապես ստուգումների է ենթարկվել: 18 ամիս անց նրա մոտ վարակի նշաններ չեն հայտանաբերվել:
Երրորդ հնարավոր բուժման դեպքի մասին հաղորդվել է այսօր Սիեթլում կայացած համաժողովի շրջանակներում: Դյուսելդորֆցի հիվանդի աղիների և ավշային հանգույցների բիոպսիան ՄԻԱՎ վարակի որևէ նշան ցույց չի տվել 3 ամիս շարունակ հակավիրուսային դեղամիջոցների ընդունումից հետո: Մասնագետների խոսքով՝ նրա պարագայում ևս ազդել է նույն բուժման եղանակը, ինչ և Բեռլինի և Լոնդոնի հիվանդների դեպքում:
Գիտնականներն այժմ հետևում են մի քանի այլ հիվանդների, որոնք նույնպես ՄԻԱՎ վարակ ունեն և ոսկրածուծի փոխպատվաստման են ենթարկվել: