Վարչապետը խոստացել էր` աշնանը Սևանի շաքարի գործարանը վերագործարկվելու է, սակայն այն դեռ չի աշխատում. գործարանի ներկայացուցիչներ
Սևանի շաքարի գործարանի վերագործարկման աշխատանքներն այս պահին դադարեցված են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ բաժնետեր Արմեն Հովհաննիսյանը:
«Աշխատանքներն ստոպ են տրվել որոշ ժամանակով, բայց լինելու են»,- ասաց Հովհաննիսյանը: Ճշտող հարցին` երբ է նախատեսվում գործարանի վերագործարկումը, նա պատասխանեց, որ կոնկրետ ժամանակ չի կարող ասել. «Հիմա գումարային խնդիր կա, հումք չենք կարողանում գնել, դրա համար որոշ ժամանակով դադարեցված է վերագործարկումը»:
Նշենք, որ ձեռնարկությունն արտադրությունը դադարեցրել է 2009 թվականից: Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործարանը կվերագործարկվի, ինչը նախատեսվում էր 2018 թվականի աշնանը, սակայն մինչ օրս չի վերագործարկվել:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք շինարարական աշխատանքներն ավարտված են, նա արձագանքեց. «Այո՛, շինարարական աշխատանքներն արված են, ամեն բան վերջնականապես արված է, խնդիրը միայն հումքն է: Միայն մնում է՝ հումքը լինի, որ գործարանն աշխատի: Ինձ թվում է` ամռանն է վերագործարկվելու: Գումարի խնդիր է, երբ բանկը գումարը տա, այդ ժամանակ էլ հումք կբերենք, ու գործարանը կաշխատի»:
Իսկ թե ինչու է առաջացել գումարի խնդիր, Հովհաննիսյանն ասաց, որ բանկից կարճաժամկետ վարկ են վերցրել: «Բանկը (SwissBank) 1.7մլն դոլար գումարի փոխարեն տրամադրել է միայն մեկ միլիոն: Մեկ միլիոնով չենք կարող բավարար հումք բերել, որպեսզի աշխատի գործարանը»,- նկատեց նա:
Նշենք, որ հումքը շաքարեղեգն է, և այն պետք է ներկրվի Բրազիլիայից: Շաքարի հումքը Հայաստանի Հանրապետությունում ազատված է մաքսատուրքերից: Առկա է միայն սահմանի վրա ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ):
«Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Առաքելյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գործարանը մինչև մարտի վերջ վերագործարկվելու է:
Ի տարբերություն գործարանի բաժնետեր Հովհաննիսյանի, ով պնդեց, որ շինարարական աշխատանքներն ավարտված են, և խնդիրը գումարն է, որ հումք ձեռք բերեն, գործադիր տնօրեն Արմեն Առաքելյանը նշեց, որ շինարարական աշխատանքներ են ընթանում գործարանում, այլ խնդիր չկա:
«Շինարարական, վերականգնողական աշխատանքներ են, ուրիշ խնդիր չկա: Գործարանը մինչև մարտի վերջ աշխատելու է»,- վստահեցրեց նա:
Հիշեցնենք, որ Սևանի շաքարի գործարանն իր գործունեությունը սկսել է 2003 թվականին: Կատարվել է շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2005 թվականից ընկերությունը համագործակցություն է սկսել ՎԶԵԲ-ի հետ: Համապատասխան ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ի կողմից կատարվել է հումքի ներմուծման ֆինանսավորում վճարման 180-270 օր հետաձգման հնարավորությամբ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվել է ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքի իրացումն ամբողջությամբ կատարվել է Հայաստանի ներքին շուկայում:
2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել է 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ 400.0 հազար ԱՄՆ դոլարի։ Հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ գործարանը վերագործարկվելու է աշնանը:
Ամալյա Առաքելյան