«Մերկ «Մոնա Լիզա»-ի հեղինակը կարող է Դա Վինչին լինել». Լուվր
Փարիզի հեղինակավոր Լուվր թանգարանը գտնում է, որ մերկ Մոնա Լիզային պատկերող ածխով արված նկարը, որը հայտնի է «Մոնա Վանա» անունով, Վերածննդի դարաշրջանի մեծագույն վարպետներից մեկի՝ Լեոնարդո դա Վինչիի աշխատանքն է:
Այս մասին գրում է The Guardian-ը՝ չբացառելով, որ նկարչի բնորդուհին ամենևին էլ կին չի եղել:
Հայտնի է, որ աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավի մերկ «տարբերակը» Դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցի կապակցությամբ տարեվերջին ցուցադրության է հանվելու Փարիզում:
Լուվրի մասնագետները հանգել են այն տեսակետին, որ ածխով նկարած էսքիզում Դա Վինչին «Մոնա Լիզա» գլուխգործոցն այլ կերպ է մեկնաբանել:
Ինչ վերաբերում է բնորդին, ապա չի բացառվում, որ դա եղել է Դա Վինչիի միլանցի աշակերտը՝ իր բարետեսությամբ հայտնի Սալայը: Նկարն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է տեսնել «հերոսուհու» մկանուտ ձախ թևն ու առնական մարմինը: