Մեր բնակչության կրթական ցենզը շատ է ընկել, և դպրոցները պետք է վերածվեն համայնքային ամենակարևոր կենտրոնների. Արայիկ Հարությունյան
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի հարցը վերաբերում էր մի շարք փոքր գյուղական, հատկապես սահմանամերձ դպրոցների առանձնահատկություններին:
Ըստ նրա` այստեղ դպրոցներում աշակերտների թվի խիստ սահմանափակ լինելու պատճառով նորմալ դասարաններ չեն ձևավորվում, դասարաններ են լինում, որ մեկ կամ երկու աշակերտ ունեն, իսկ ամբողջ դպրոցը 8-20 աշակերտ ունի: «Այստեղ բացակայում է նորմալ ուսումնառության գործընթացը»,-ասաց նա և բացատրեց, թե ինչու:
Նրա կարծիքով՝ ուսուցիչների ծանրաբեռնվածությունը քիչ է, ըստ այդմ էլ քիչ գումար են ստանում և մի քանի այլ առարկաներ են դասավանդում, մրցակցություն չկա, մասնագետ ուսուցիչներ չեն գնում: «Հսկայական միջոցներ են ծախսվում զրոյական արդյունքի համար»,-ասաց նա:
Պատգամավորն օրինակ բերեց, որ Լուռու մարզում վերջին 25 տարվա ընթացքում դպրոցների 16 առարկայական օլիմպիադաներից ոչ մեկի գծով սահմանամերձ և փոքր համայնքների դպրոցներից մասնակցություն չի եղել: «Ինչպիսի՞ն է կառավարության տեսակետը բարձրացված հարցի վերաբերյալ»,-հարցրեց նա:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ սա հանրակրթական ոլորտի ամենաբարդ հարցերից է, և մեկ միասնական լուծում դժվար թե կարողանան տալ: Օպտիմալացնելը, ըստ նրա, այդքան էլ ընդունելի չէ, և դպրոցի փակելը նշանակում է, որ գյուղը դադարում է գոյություն ունենալ:
«Մի քանի մոդել ենք մշակել, որ դպրոցները գյուղերում կրթամշակութային կենտրոնների վերածվեն, որտեղ մեկ հարկի տակ կլինի և նախակրթարան կամ մանկապարտեզ, որը կարողանան նաև համայնքի ֆինանսների շրջանում իրականացնել»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ բացի այդ, բոլոր այն համայնքներում, որտեղ տեղի է ունենալու դպրոցների վերակառուցում, պետք է այնպես անել, որ մեկ հարկի տակ լինեն և՛ դպրոցը, և՛ մանկապարտեզը, և՛ մշակութային կենտրոնը, որը ծառայություն կմատուցի նաև մեծահասակներին, և ուսուցիչների զբաղվածությունն այս առումով կբարձրանա:
«Թաքցնելու բան չկա, մեր բնակչության կրթական ցենզը շատ է ընկել, և դպրոցները պետք է վերածվեն համայնքային ամենակարևոր կենտրոնի»,-ասաց նա: Արայիկ Հարությունյանը նշեց, որ մոդելները շատ են, և իրենք չեն գնալու մեկ լուծման:
Նախարարը հավելեց, որ տարբերակներից է նաև այն, որ հարևանությամբ գտնվող գյուղերի դպրոցների հետ միասին լիարժեք դասեր կազմակերպեն: «Առաջարկելու ենք, որ 5-րդ դասարանը համալրեն հարևան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներով, և հակառակը՝ այնտեղի 6-րդ դասարանը համալրեն այս դպրոցը, և լիարժեք դասարան լինեն: Այստեղ պետք է աշխատեն համայնքների ու մարզպետարանների հետ, որ տրանսպորտի հարցը լուծենք»,-ասաց նա: