Կապիտալ ծախսերի ծավալը նվազել է, գնում է գույքագրում, որ հասկանանք՝ որտեղ ինչ խնդիրներ ունենք. Տիգրան Ավինյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին մինչ հարց կուղղեր, նկատեց, որ 2018թ-.ին պետբյուջեի կապիտալ ծախսերը 2017-ի նկատմամբ մոտ 85 մլրդ դրամով նվազել են, նաև 2018թ.-ի կատարողականը թերակատարվել է 21 մլրդ դրամով:
«Կապիտալ ծախսերը տնտեսական ակտիվության պայմաններից են, և այս տենդենցը նկատելի է նաև այս տարվա հունվարի համար: Պատճառը ո՞րն է, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկվում այդ պատճառերը վերացնելու ուղղությամբ»,-հարցրեց նա:
Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով համաձայնեց, որ կապիտալ ծախսերի ծավալը նվազել է, և խնդիրը պայմանավորված է տարբեր ծրագրերի տարիներ շարունակ ունեցած խնդիրների հետ: «Եթե խոսում ենք միայն բյուջեում նախատեսված ծրագրերի մասին, ընդհանուր կապիտալ ծախսային մասում դրանք միայն մի մասն են, որովհետև դրան գումարվում են վարկային ծրագրերը, որոնք նախատեսված չեն և որոշ ծրագրերի մասով, ինչպես օրինակ՝ Հյուսիս- Հարավ տրանշ 2-ի և 3 -ի մասով կան բնական պատճառներ, որոնք բերել են մի իրավիճակի, որ պրոցեսները դանդաղել են:
Բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի մասով այս պահի դրությամբ գնում է գույքագրում, որ հասկանանք՝ որտեղ ինչ խնդիրներ ունենք, որ ծրագրերը պետք է շարունակել, դադարեցնել, թե վերաբաշխել այլ ծրագրերի համար»,-ասաց նա:
Ավինյանը նշեց, որ մեկ կամ երկու ամիս կտևեն գույքագրումները, որի ժամանակ կհասկանան ծախսերի արդյունավետության աստիճանը: