Վստահ եմ, որ 2020 թվականին մեր հավաքական թիմերը կունենան առավել որակյալ և առավել մեծաքանակ համազգեստներ. Գաբրիել Ղազարյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարից հետաքրքրվեց, թե ինչու են Հայաստանի հավաքականները վատորակ մարզազգեստ ստանում:
«Այսօր մեր հավաքականները ինչ-որ անհասկանալի որակի և տեսքի մարզահագուստ են ստանում պետությունից, կուզենայի հասկանալ՝ ի՞նչ սկզբունքով է ընտրությունը կատարվում, եթե գումարը ծախսում ենք, միգուցե արժե՞ որակով ու գեղեցիկ բան ընտրել»,-հարցրեց նա:
Գաբրիել Ղազարյանը նշեց, որ համազգեստը վերանայել է, և դա այն խնդիրներից է, որ չեն կարող այս պահին մեծաքանակ ծավալով լուծել: «Յուրաքանչյուր մարզական ֆեդերացիա ներկայացնում է իր հայտերը և դրանց համապատասխան մյուս տարվա համար ներկայացվում է մարզահագուստների քանակը: Այո, պետք է որակը բարձրացնել, բայց քանակը դրանով քչանա, աշխատում ենք այդ հարցի շուրջ, վստահ եմ, որ 2020 թվականին մեր հավաքական թիմերը կունենան առավել որակյալ և առավել մեծաքանակ համազգեստներ»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ մարզիկներն այսօր շատ ավելի ուրախ կլինեն ստանալ քիչ, բայց որակյալ համազգեստ:
Ի դեպ, նախարարը նաև անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է՝ մարզիչ-մանկավարժները ևս սոցփաթեթից օգտվեն: Ըստ նրա՝ առաջնահերթ հավաքականի մարզիչները կունենան սոցփաթեթ, հետո նաև մարզիչ-մանկավարժների հարցը կքննարկեն: