«Իրանի հետ ՔԱԿ-ի դեմ գործողություն կիրականացնենք». Թուրքիայի ներքին գործերի նախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիան և Իրանը «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ համատեղ ռազմական գործողություն են պատրաստում, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Իրանի հետ ՔԱԿ-ի դեմ գործողություն կիրականացնենք, դրա հետ կապված աշխատանքներ են տարվում», - նշել է թուրք նախարարը:
Նա հավելել է, որ ներկայում թուրք-իրանական սահմանին շատ լուրջ վերահսկողություն է սահմանված, և քուրդ զինյալները մեծ դժվարությամբ են կարողանում ներթափանցել Թուրքիայի տարածք:
«Այս պահին երկրի ներսում 700-ից պակաս ահաբեկիչ կա: Հունվարից այս կողմ 12-ն են մուտք գործել երկիր», - ասել է Սոյլուն:
Իրանում թուրք նախարարի հայտարարությունները դեռ չեն մեկնաբանվել:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: