Կարեն Ղազարյանի փոխանակման առաջարկություն եղել է, բայց ՀՀ-ում նույն կարգավիճակով Ադրբեջանի քաղաքացիներ չկան. Արտակ Զեյնալյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդրին:
Նա նշեց, որ Կարենը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի պայմաններում, ինչին նա չի դիմանա եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն նրան հայրենիք վերադարձնելու համար, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ:
Պատգամավորը նշեց, որ համոզվում են, որ միջազգային կառույցները թշնամի երկրի վրա էական ներգործություն չունեն: «Որո՞նք են խնդրի լուծման ուղիները՝ ՀՀ քաղաքացուն հնարավորինս արագ հայրենիք վերադարձնելու համար»,- դիմելով Կառավարության ներկայացուցիչներին՝ հարցրեց նա:
Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված, ինչը էական տարբերություն է, և տարբեր ռեժիմներ են գործում:
Նախարարն ասաց, որ Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել և նաև պահանջել են հրատապ միջոց կիրառել, ու հիմա գանգատը քննարկվում է: «ՀՀ-ին անպայման կծանուցվի և ՀՀ-ն կներգրավվի որպես երրորդ կողմ: Բացի դրանից, ՀՀ կառավարությունն օգտագործում է բոլոր միջոցները, նաև դիվանագիտական, նաև հումանիտար, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքը ապահովվի և երաշխավորվի, միևնույն ժամանակ ամեն ինչ արվում է նրան վերադարձնելու ՀՀ՝ իր հայրենիք»,- ասաց նա:
Նախարար Զեյնալյանը նշեց, որ փոխանակման առաջարկություն է եղել. «Բայց ՀՀ-ում նույն կարգավիճակով Ադրբեջանի քաղաքացիներ չկան, որպեսզի ՀՀ-ն այդ փոխանակումն իրականացնի: Մենք գտնում ենք, որ Կարենն ապօրինաբար է գտնվում անազատության մեջ, և այն, ինչ վերագրվում է Կարենին, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց նա: